Կախված իրավիճակից` հնարավոր է եղած սահմանափակումները ևս հանվեն. ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարությունը նախօրեին հաղորդագրություն էր տարածել, որ երկրում համաճարակային իրավիճակի կայունացմամբ պայմանավորված՝ այսուհետ COVID-19-ի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի շաբաթը մեկ անգամ:

Հիշեցնենք, որ հունվարից ուժի մեջ են մտել կորոնավիրուսի դեմ պայքարի նոր խստացումները: Հայաստանում հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, համերգասրահներ և մշակութային այլ վայրեր քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով:

Օրեր առաջ մեղմացվել էին կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված սահմանափակումները և մայիսի մեկից հանվել են պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղակայված անցման կետերով մուտք գործելիս ՊՇՌ և արագ ախտորոշիչ թեստով հետազոտության սերտիֆիկատ և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը՝ ներառյալ գնացքների անձնակազմի, վարորդների, օդաչուների համար:

Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունների արգելքը, ինչպես նաև այցելուների և ազատությունից զրկված անձանց ՊՇՌ լաբորատոր հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման, ՀՀ ՊՆ զորամասերում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումների և արձակուրդների արգելքի պահանջները ևս հանվել են: Հանվել է նաև յուրաքանչյուր 7 օրը մեկ աշխատողների աշխատավայր ներկայանալիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը, ինչպես նաև վերացվել է հաստատությունում զանգվածային միջոցառումների (մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ) վերաբերյալ արգելքները։

Shabat.am-ը ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանից փորձեց ճշտել՝ հանրային սննդի կետերի, հյուրանոցների, մարզասրահների, համերգասրահների և մշակութային այլ վայրերի մուտքի սահմանափակումների չեղարկում և՞ս նախատեսվում է, քանի որ համաճարակային իրավիճակը կարծես կայուն է, որին ի պատասխան Հռիփսիմե Խաչատրյանն ասաց. «Քննարկվող թեմաներից է: Կախված համաճարակային իրավիճակից՝ սահմանափակումների 80 %-ը վերանայվել է, եթե իրավիճակը թույլ տվեց, հնարավոր է, քանի որ ամեն ինչ հաշվի ենք առնում՝ ելնելով համաճարակային իրավիճակից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ