![]()
Քոչարյանասերժական օլիգարխիկ և անհաջող փոքրիկ բունտը երեկ արձանագրեց իր վերջնական ֆիասկոն: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և նշեց, որ ամենաշատ իրազեկված հանրահավաքին 4-5 հազար հոգի էր մասնակցում:
Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե ընդդիմությունը բացի մորուք պահելուց փորձում է կրկնօրինակել 2018 թվականի հեղափոխությունը, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Այ ժողովուրդ ջան, այդ մարդիկ ո՞նց կարող են մորուք պահել, եթե ամեն առավոտ ռազվոդ են կանգնում ու թրաշ-կանտովկա է ստուգվում»,- ասաց նա:
Պատգամավորը նկատեց նաև, որ կեղծ թեզեր են շրջանառվում, թե իշխանությունը գաղտնի բանակցում է իշխանությունը փոխանցելու ուղղությամբ:
«Այս թևում նստած պատգամավորների հետ միակ բանը, որ ես պատրաստվում եմ բանակցել, դա աշխատեսանյակիս համար գնելիք ակվարիումի ձևն ու չափն ա, ոնց ուզում են, թող հասկանան, դե կարելի է նաև ձկների տեսակի մասին քննարկում անել, բայց ոչ ավելի»,- ասաց նա:
Նա նաև գոհունակություն հայտնեց ոստիկանության աշխատանքի համար: «Ապրեն մեր ոստիկանները, որ կարողանում են այդ խուլիգանախմբերին զսպել, և որ այդ ցույցերը ընդհանրապես կապ չունեն խաղաղ ակցիա կամ խաղաղ հանրահավաք կոչվելու հետ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
![]()