![]()
Այսօր՝ մայիսի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ շարունակում է քննարկվել Գլխավոր դատախազի 2021թ. տարեկան գործունեության հաղորդումը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը իր ելույթում հայտարարեց. «1998թ. պալատական հեղաշրջումից հետո մեր պետությունը, հասարակությունը իր ընթացքից շեղվեց: 1998թ. իշխանությունը բռնազավթած մարդիկ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ուժեղ պետության և ուժեղ իշխանության տեսլականը պատկերացրեցին հասարակությանը ենթարկեցնելու սկզբունքով դառնալ ուժեղ»:
Նրա խոսքով՝ այդ ընթացքում հայտնի դեմքեր էին դառնում ոստիկանապետը, հարկայինի, մաքսայինի պետերը, պետության ղեկավարի թիկնազորի ղեկավարը. «Իսկ հասարակությանը իրեն ենթարկող իշխանությունը դառնում էր անտանելի, և տեղի ունեցավ պայթյուն: 2018թ. հասարակությունը մերժեց իրեն ազատությունից զրկելու վարքագիծը: Նոր իշխանությունն ընտրել է այլ ճանապարհ՝ ապահովել մարդու ազատությունները: Մենք հենվելու ենք հասարակության վրա, մեր օրինականության ուժի աղբյուրը պետք է լինի մեր ժողովուրդը, և իհարկե երկար ճանապարհ ունենք անցնելու, ու դատախազությունը ևս անելիք ունի: Եվ, կարծում եմ, ընթացքը ճիշտ է, մենք հրաժարվել ենք ցուցումներ տալուց»:
Նա ընդգծեց, որ մենք չունենք ընդդիմություն, ունենք ռևանշիստներ. «Վերջիններս լկտիացել են, որովհետև անցյալում իրենց սպասարկող որոշ ուժային կառույցներ շարունակում են սպասարկել, անօրինական ճանապարհով հարստացած որոշ ճարպիկներ փորձում են վերականգնել նախկին դրվածքը և էլ ավելի հարստանալ, գործարար աշխարհին սպասարկող մեքենաներ են դուրս գալիս և փողոցներ փակում: Որոշ հայտնի ղեկավարի որդյակը, որը վերջին 20 տարում երևի մի-երկու տարի է ապրել Հայաստանում, բրիգադիրի տեսքով փողոց է փակում, լայաղ չի անում, որ ինքն էլ մի նստարան բերի, ցուցումներ է տալիս. սովոր են էդ մարդիկ էդպես ապրել»:
Նա ընդգծեց, որ չպետք է ներել նրանց, ովքեր իշխանություն են ուզում զավթել. «Գործ ունենք քողարկված հեղափոխության հետ»:
Մանրամասն՝ տեսանյութում:
![]()