«Գլխիս չկպնեք» գոռացող Լևոն Քոչարյանի հոր ժամանակ Արցախի հերոսներին գլուխը կախ, ձեռնաշղթաներով էին բերման ենթարկում ու նկարում էին դա

Ռոբերտ Քոչարյանի որդի Լեւոնը ոստիկանների կողմից բերման ենթարկվելիս դիմեց վերջիններիս ու ասաց՝ մենակ գլխիս չկպնեք։ Այսինքն՝ կնստեմ մեքենան, մենակ թե էն «ֆիրմեննի» ձեւը, երբ ափով սեղմում եք բեման ենթարկվողի գլխին ու մեքենան մտցնում, իմ նկատմամբ չկիրառեք։

«Գլխին կպնելու» այդ արարողությունը եթե կրիմինալ լեքսիկոնով ձեւակերպենք, ապա երեւի «զապադլո» տերմինը կպատշաճի։

Եւ ուրեմն՝ Քոչարյանի որդու համար «զապադլո» է հայրենի ոստիկանության կողմից ընդունված պրոցեդուրաներով բերման ենթարկվելը։

Սա ասում է մեկը, որի հայրիկի պաշտոնավարման օրոք ցուցարարներին ոչ միայն օրենքի աղաղակող խախտումներով էին բերման ենթարկում, այլեւ բերման ենթարկելուց, ոստիկանության բաժանմունքներ լցնելուց առաջ մի լավ «մշակում» էին՝ ծեծ ու ջարդի մեթոդով։

Լեւոն Քոչարյանին առաջարկում ենք գիշերները խարույկների մոտ հավաքված իրենց համակիրների քաղաքացիական գիտակցությունը բարձրացնելու համար միացնել «Մարտի 1»-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության ուժերի կողմից իրականացրած օպերացիան, թե ինչպես են հայրենի բարեկիրթ ու վայելչախոս ոստիկանները խաղաղ, վրանների մեջ քնած ցուցարարներին անդազահան անելով վռնդում հրապարակից, քանի որ նախօրեին «հրապարակը մաքրելու» հրահանգ էին ստացել իր սիրելի հայրիկից։ Զուգահեռները՝ «Քոչարյանի վախերի» ոստիկանության եւ այսօր ծառայություն իրականացնող ոստիկանության գործողությունների իրավաչափության միջեւ, հաստատ կստիպեն Լեւոնին ամոթից գլուխը կախել։ Ոստիկանության կողմից ավելի վաղ՝ 2004-ի ապրիլին տեղի ունեցած հետընտրական գործողությունների եւ այլ առիթներով ցուցաբերված ոչ օրինաչափ, բռի ու վայրենի վարքի ու գործողությունների մասին էլ հիշեցնենք, որ հայրիկին իշխանափոխություն անելու հարցում ձեռք գցող Լեւոնն ու իր համակիրները հաջորդիվ դիտելու բան ունենան։

Ի դեպ, բերման ենթարկելու ժամանակ նրան մոտ կանգնած ցուցարարներից մեկը գոչում է, թե «Արցախի հերոսի որդուն տարան»։

Փաստրեն, հերոսների որդիներն անձեռնմխելի են։ Գուցե, բայց այդ հերոսներն ու նրանց որդիները անձեռնմխելի են եղել միայն նախկինում։

Սույն ցուցարարն ու նրա պես կարճ հիշողություն ունեցողները երեւի մոռացել են, թե ինչ նվաստացուցիչ կերպով էր Արցախյան պատերազմի մասնակից, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը «Մարտի 1»-ից հետո բերման ենթարկվում ոստիկանություն, թե ինչպես էին մյուս ազատամարտիկները՝ Սմբատ Այվազյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը եւ այլք, բերման ենթարկվում, կալանավորվում եւ ապա դատվում հայրենի «արդարադատ» դատարաններում։ Շատ հիշելու ու հիշեցնելու բաներ կան, բավարարվենք այսքանով։ Քոչարյանին աջակցողները փաստորեն ուզում են իշխանափոխություն տեղի ունենա, որպեսզի ոստիկանությունը նորից գործի «հին ու բարի» ժամանակների բարքերոով։

Նշենք, որ ոստիկանությունը տեղեկացնում է, որ բերման է ենթարկվել 70 անձ։

Ռոբերտ Քոչարյանի որդին, ինչպես ինքն է հայտնել, բերման է ենթարկվել ոստիկանության Մասիվի բաժին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ