![]()
Հայաստանում քաղաքացիական պատերազմ չի լինի, քանի որ դրա համար պետք է քաղաքացիների երկու սուբյեկտ, իսկ ընդդիմությունը հանրային ռեսուրս չունի: «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ անդրադառնալով ընդդիմության վերջին օրերի անկանոն գործողություններին:
Վերջինիս համոզմամբ՝ նրանք, ընդօրինակելով Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի իրականացրած հեղափոխության ոճը, փորձում են իշխանափոխություն անել, որը միանշանակ ձախողվելու է:
«Բոլոր ժամանակների հեղափոխություններն ունեն անուններ՝ նարնջագույն, վարդերի, թավշյա հեղափոխություն: Այս հեղափոխության փորձը կարելի է անվանել «էշի ականջում քննածների կամ բեխաբարների հեղափոխություն»: Աշխարհը կանգնած է երրորդ աշխարհամարտի ճանապարհին, անկախ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ելքից՝ աշխարհում շուտով կլինի նոր աշխարհակարգ: Ամեն օր հակառակորդը մեր և Արցախի սահմաններին ոտնձգություն է իրականացնում, իսկ մեր ընդդիմությունը փողոցում է»,- ասում է Անտինյանը:
Քաղաքագետի խոսքով՝ երեկվա հանրահավաքը ցույց տվեց, որ փողոց դուրս եկած ընդդիմությունը քաղաքացիներից որևէ աջակցություն չի ստանում, այդ պատճառով էլ դիմում է տարբեր կոչերի. «Ինչպես, օրինակ, Իշխան Սաղաթելյանի հնչեցրած կոչը՝ ուղղված «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին, որով նա իշխանության ներկայացուցիչներին ասում էր՝ միանան իրենց»:
Քաղաքագետը նկատում է՝ հավաքները բազմամարդ չեն կարող լինել, քանի որ ընդդիմությունը որևէ համոզիչ փաստարկ չի կարողանում ներկայացնել:
«Նիկոլ Փաշինյանը, երբ խորհրդարանում խոսեց Արցախի ինքնորոշման նշաձողի մասին, հայտարարեց, որ պատրաստ է խորհրդարանական ընդդիմությանը փակ ֆորմատով ներկայացնել իրավիճակը, սակայն խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվեց այդ ֆորմատից: Վարչապետն էլ հանրայնացրեց, որ մեզ միջազգային հանրությունն ասում է՝ իջեցրեք նշաձողը: Ի՞նչ արեց մեր ընդդիմությունը. նախ, չհարցրեց, թե ո՞վ է միջազգային հանրությունը, արդյոք Արևմուտքը և Ռուսաստանը եկե՞լ են կոնսեսուսի մեր տարածաշրջանում: Եթե մենք չիջեցնենք նշաձողը, ապա ի՞նչ տեղի կունենա: Այս հարցերը իրենց չհետաքրքրեց, ու անմիջապես փողոց դուրս եկան»,- նշում է Անտինյանը:
Դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը երեկ ներկա էին հանրահավաքին, սակայն տարբեր ժամերի էի վերջիններս եկել, հարցադրմանը՝ արդյոք սա խոսո՞ւմ է այն մասին, որ նրանք ինչ-որ հարցերում տարաձայնություններ ունեն, և եթե նպատակն իսկապես Արցախի փրկությունն է, ապա ինչո՞ւ այդ տարաձայնությունները մի կողմ չեն դնում, քաղաքագետն ասում է՝ Քոչարյանի ու Սարգսյանի հարաբերություններում վաղուց է, որ կան լուրջ հակասություններ, սակայն նրանք միավորվելու կետ ունեն:
«Իրենց միջև եղած անհամաձայնությունը գալիս է դեռ այն ժամանակվանից, երբ Սարգսյանը դարձավ նախագահ, և Քոչարյանը հույս ուներ, որ ինքն էլ իշխանությունում ներկայացված կլինի, սակայն չեղավ: Հիմա իրենց միավորել է ընդհանուր շահն ու վախը, հասկանում են, որ եթե իրավիճակը հանդարտվի, իրենք օրենքի առջև պատասխան են տալու միասին: Սա է պատճառը, որ իրենց ռեսուրսները միացրել են, որպեսզի կարողանան պայքարել այս իշխանության դեմ»,- կարծում է զրուցակիցը:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք ընդդիմությունն ակցիաների ժամանակ կարո՞ղ է այնպիսի սադրանքների դիմել, որոնք ոստիկանների հետ կհանգեցնեն բախումների՝ քաղաքագետն ասում է՝ ներկայիս ընդդիմությունը առաջնորդվում է մի սկզբունքով՝ «ով մեզ հետ չէ, մենք իր դեմ ենք»-ով: Նույնիսկ այն քաղաքացիները, որոնք չեն միանում ո՛չ իշխանությանը և ո՛չ էլ ընդդիմությանը, միևնույն է, ընդդիմության համար նույնպես դավաճան են ու ագրեսիայի առաջացման աղբյուր: Այս ագրեսիան տանելու է նրան, որ իրենք պարզապես դառնալու են մի փոքրիկ խմբակ: Այս մարդկանց դեմ ուժ ցույց տալը անիմաստ է»:
Էդվարդ Անտինյանը ընդգծում է՝ այս շարժումը գնալով կմարի, քանի որ հանրությունը ընդդիմության կողքին չէ:
«Եթե ռեսուրս ունենային, բոլոր վայրերից Երևան չէին գա: 2018 թվականին Գյումրիից մարդիկ քայլելով գալիս էին Երևան, հետո պարալիզացվեց ամբողջ հանրապետությունը: Իրենք էլ են ցույց տալիս, որ ռեսուրս չունեն. այսօր անձրև եկավ, ասացին՝ գնում ենք տուն, որ չհիվանդանանք: Իսկ երբ մարդիկ տարիներ առաջ Քոչարյանի դեմ էին պայքարում, ցուրտ լիներ, թե բուք, փողոցից տուն չէին գնում: Հիմա եթե դու մտածում ես փողոցում գտնվող մարդկանց հարմարավետության մասին, նշանակում է՝ դու ես այդ մարդուն բերել փողոց, ինքն էլ ասում է՝ անձրև է, ես գնում եմ տուն»,- կարծում է քաղաքագետը:
![]()