![]()
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի խոսքով՝ այսօր, երբ ընդդիմությունը կրկին խոսում է իր շանսերից և հաջողելուց, ակամայից վերհիշում է պատերազմից հետո նույն անձանց ակցիաները, Բաղրամյան պողոտայի «փարթիները»: Վերջինիս համոզմամբ՝ այս գործողությունները նույն վերջաբանն են ունենալու, ինչ նախորդները:
«Սպառելու են իրենց և գլխիկոր վերադառնան ԱԺ՝ որպես մարած ընդդիմություն: Եվ այդ ժամանակ կուզեմ հավատալ, որ մանդատից կհրաժարվի ոչ միայն Վանեցյանը, այլ՝ մյուսները նույնպես»,- ասում է Մանավազյանը:
Դիտարկմանը՝ շատերի կարծիքով՝ ուժային կառույցները մեղմ են այս օրերին ընդդիմության գործողությունների նկատմամբ, պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ ելույթներից մեկում երկրի ղեկավարին հորդորել էր կոշտացնել դիրքորոշումը, հարցադրմանը՝ համակարծի՞ք է այս դիտարկումներին, առհասարակ ուժային կառույցների աշխատանքն ինչպե՞ս է գնահատում, պատգամավորը նկատում է.
«Ուզում եմ հավատալ, որ ամեն ինչ ճշգրիտ է արվում, սակայն չեմ կարող չհամաձայնել գործընկերոջս հետ, որ ուժայինները պետք է կոշտացնեն դիրքորոշումը: Չեմ կարող պատկերացնել ինչպես կարող են վնասել ու փչացնել պետական շինությունները և չունենալ պատասխանատվության զգացում: Նկատենք, որ այս ֆոնին ոտնահարվում են նաև մեր մյուս քաղաքացիների իրավունքները»:
Մանավազյանի կարծիքով՝ օրվա ընդդիմությունը ակնհայտ ագրեսիվ վարք է դրսևորում, որը լի է անկանխատեսելի և ոչ ցանկալի հետևանքներով:
«Ընդդիմությունը փայլում է միայն բռնության քարոզով, ատելություն սերմանող ելույթներով, իսկ նման վարքագծով խորհրդարանական ընդդիմությունից կարելի է նաև սադրանքներ սպասել: Սակայն պետք է ասեմ, որ նման վարքագիծն արդեն մի քանի անգամ մերժվել է, և այսօրվա նմանօրինակ դեպքերն ունենալու են նույն ճակատագիրը»,- համոզված է Արուսյակ Մանավազյանը:
Ինչ վերաբերում է հնչող այն քննադատություններին, որ իշխանությունը կարծես այնքան էլ լուրջ չի վերաբերվում ընդդիմության գործողություններին, քայլերին, իշխող խմբակցության պատգամավորը նշում է, որ իշխանությունը չի կարող լուրջ վերաբերվել այնպիսի ընդդիմության, որը չունի որևէ օրակարգ ու ծրագիր, որը գոնե փոքր-ին հավատ կներշնչի:
«Դա տեսանք նաև երեկվա հանրահավաքի ժամանակ, երբ ոչ մի լուրջ քաղաքական ելույթ չհնչեց ամբիոնից: Ընդդիմությունը տենչում է միայն իշխանության, իրենք դեռ չեն համակերպվում ո՛չ ընտրությունների արդյունքների, ո՛չ էլ երկրում տիրող ժողովրդավարության բարձր մակարդակի հետ»,- ասում է պատգամավորը:
Մանավազյանը վստահ է՝ ընդդիմադիրները Արցախը փրկելու ոչ մի առաջարկ ու գործողության պլան չունեն, իսկ Հայաստանի այսօրվա իշխանությունը թե՛ անվտանգային, թե՛ դիվանագիտական, թե՛ սոցիալ-տնտեսական դաշտում անում է հնարավորը՝ արցախցիներին այնտեղ պահելու և Արցախի խաղաղության համար:
![]()