![]()
Ընդդիմադիր առաջնորդ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ այսօր պիտի ամբողջ Կենտրոնի երթևեկությունը պարալիզացվի։ Սակայն իրականությունը ցույց տվեց, որ ընդամենը 140 հոգու բերման ենթարկելուց հետո ընդդիմությունը բացարձակապես սնանկացավ մարդկային ռեսուրսի տեսանկյունից և այլևս ի վիճակի չէր գոնե մեկ փողոց փակ պահելու։ Սրանից դրդված՝ Իշխան Սաղաթելյանը, փորձելով դեմքին հնարավորինս լուրջ արտահայտություն տալ, հայտարարեց, որ իրենք դադարեցնում են փողոցներ փակելը՝ կարծես դա իր հայտարարությունից էր կախված ու կամ 140 հոգուն բերման ենթարկելուց հետո փողոցում 30-40 հոգուց ավելի մարդ էր մնացել։
Այսպիսով կարելի է փաստել, որ ընդդիմությունը երեկ ձախողեց «վերջին տարիների ամենամեծ» հանրահավաքն անցկացնելու ծրագիրը, երբ ցույցի մասնակիցների թիվը հազիվ հասավ 10.000-ի, իսկ այսօր էլ ձախողեց քաղաքի երթևեկությունը պարալիզացնելու ծրագիրը։
Բնական է, որ ընդդիմադիր առաջնորդները հասկանում են, որ հերթական անգամ ձախողել են ընդդիմադիր հուժկու շարժում կազմակերպելու հնարավորությունը և ստիպված են կրկին անցնել էժանագին մեդիատեռորի։ Օրինակ՝ այսօր մշտապես ֆեյք լուրերով աչքի ընկնող Past.am և News.am կայքերը հրապարակեցին, թե ՔՊ-ն արդեն բանակցում է ընդդիմադիրների հետ։ Այս լուրը ինքնին այնքան ծիծաղելի էր, որ ՔՊ-ական պատգամավորներն ու կուսակցության անդամները սկսեցին սոցիալական ցանցերում ծաղրել նորից ֆեյք լուրերի հույսին մնացած ընդդիմությանը։
![]()