![]()
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն արդեն իսկ պաշտոնապես հայտնեց, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքի ընթացքում մի խումբ մասնակիցներ, անտեսելով պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված պահանջները, բողոքի ակցիա իրականացնող այլ անձանցից առանձնանալու, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված՝ խախտել են հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք: Ավելին, նրանցից Երևանի 42-ամյա բնակիչը Ա.Խ-ն որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն է գործադրել նշված վայրում քայլող՝ «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ:
Ավելին՝ Քննչական կոմիտեն նաև մեղադրանք է առաջադրել հիշյալ անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ հանրորեն վտանգավոր վերոնշյալ արարքը կատարելու համար: Եվ այդ անձը կալանավորվել է։
Փաստորեն անպատիժ չի մնում որևէ բռնարարք և դա պետք է գիտակցեն ագրեսիայի պատրաստվող բոլոր փողոցային ակտիվիստները, քանի որ ժողովրդավարությունը երբեք չպետք է շփոթել բռնությունների գործադրմամբ հրապարակային ակցիաներ կազմակերպելու հետ: Եվ բոլոր նրանք, ովքեր իրենց շեֆերից կստանան ագրեսիվ ակտիվիստ դառնալու հանձնարարություն, պետք է գիտակցեն, որ չի ուշանալու օրենքով պատժելու՝ պետության զորեղ ձեռքը:
Հ.Գ. – միամիտ ակտիվիստները պետք է գիտակցեն ու չկատարեն բոլոր այն հանձանարարությունները, որոնք միտված են ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանելուն:
![]()