![]()
Հանրության շրջանում դեռևս թարմ են ընդամենը մի քանի օր առաջ մայրաքաղաքի Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած ակցիայի ընթացքում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ բռնություն գործադրելու կադրերը, որոնք լայնորեն լուսաբանվեցին տարբեր լրատվամիջոցներում և համացանցում:
Եվ ահա չուշացավ նաև բռնություն գործադրողների և խուլիգանություն կատարողների պատիժը: Այսօր արդեն ՀՀ քննչական կոմիտեն հարուցեց քրեական գործ և հայտնեց, որ հիշյալ քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել՝ 42-ամյա Ա.Խ-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: Եվ ժամեր անց այդ անձը նաև կալանավորվեց։
Փաստորեն այս օրերին տեղի ունեցող փողոցային ակցիաների՝ իրենց անպատիժ ու անխոցելի համարող ակտիվիստները շատ արագ հայտնվում են մեղադրյալների աթոռին ու նրանց՝ «ամենագետի» տպավորություն ստեղծող առաջնորդները շատ արագ դառնում են անզոր արարածներ պետության, օրենքի ու իրավակարգի դեմ:
Դե ինչ, մնում է փողոցի ակտիվին կրկին հուշել, որ անկարգություններով, խուլիգանություններով ու բռնություններով ոչնչի չեն կարող հասնել, իրենց պարագլուխները սեփական գլուխներն ազատելու են, բայց իրենք մնալու են ձեռնաշղթաներով ու փթելու են պատժախցերում, քանի որ այլ ելք չեն ունենալու՝ պետության դեմ մենամարտում:
Մնացածը թողնենք իրենց դատողությանը:
![]()