Ընդդիմության հավաքներին մասնակցում են երեխաներ, որոնք նեգատիվ կոչերի ազդեցության տակ կարող են դիմել ագրեսիվ գործողությունների

Ընդդիմության կողմից իրականացվող փողոցային ակցիաների սակավամարդության մեջ ընդգծվում է հատկապես երեխաների՝ դեռահասների առկայությունը։

Սոցցացերում երեկվանից մի տեսագրություն է շրջանավում, որտեղ մի խումբ դպրոցականներ հավաքվել են ինչ -որ սրահում, որոնցից մեկը՝ 13 տարեկան մի պատանի, բողոքում է, թե իբր Երեւանի փողոցներից մեկից, որտեղ ինքը իր ընկերների հետ ակցիա է արել, կարմիր բերետավորները կոպիտ վարք ցուցաբերելով իրեն ու ընկերներին՝ բերման են ենթարկել ոստիկանություն։ Ապա հավելում է, թե իրեն բերման ենթարկելու պատճառն այն է, որ «Նիկոլ Փաշինյանը վախկոտ է», սակայն ինքը չէր պատկերացնում, թե այն աստիճան վախկոտ, որ իր տարիքի երեխայից անգամ կվախենա։ Պատանին այնուհետ նշում է, թե ուզում է, որ իր 4 եւ 5 տարեկան քույրն ու եղբայրն էլ մասնակցեն հավաքներին, այդ դեպքում, ըստ նրա, Փաշինյանի վախն ավելի մեծ կլինի ու ավելի մեծ ուստիկանական ուժեր կուղարկվեն իրենց դեմ։ Սա ասելուց հետո պատանին ու նրա կողքի մյուս երիտասարդները սկսում են ծիծաղել։

Ի դեպ, նման՝ իբրեւ թե ընդդիմադիրներից վախենալու մասին հայտարարություններ հնչում են նաեւ ակցիայի մեծահասակ մասնակիցների, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորների շուրթերից։ Արդյոք տեսագրության հերոս պատանին ազդվել է ավագների խոսքից ՝ կրկնելով նրանց, թե վերը մեջբերվածը նրա սեփական վերլուծության, եզրահանգման արդյունքն է՝ ձեռնպահ կմնանք մեկնաբանելուց, սակայն ակնհայտ է, որ տեսագրությունը կատարվել է շահագրգիռ ինչ որ մեկի ուղղորդմամբ։

Նշենք, որ երեխաներն, ըստ օրենքի, իրավունք ունեն մասնակցել խաղաղ հավաքների, եւ այդ իրավունքն անվիճարկելի է։ Սակայն այլ հարց է՝ այս օրերին հավաքների մասնկցող երեխաներն արդյոք սեփական կամքով են իրացնում իրենց վերհիշյալ իրավունքը, թե՞ գործում է պարտադրանքի ուժը։ Սա պարզելու իրավասությունն, անշուշտ, պատկան մարմիններինն է՝ բացառելու երեխաներին քաղաքական նպատակներով շահագործելու, նրանց որպես «մասսովկա» օգտագործելու դեպքերը։ Ի դեպ, քաղաքական բնույթի հավաքներին երեխաների մասնակցության նպատակահարմարության գերզգայուն հարցը քննարկվել է մշտապես։ Ընթերցողը կհիշի, թե ՀՀԿ-ի նախընտրական հավաքներին ինչպես էին դպրոցների աշխակերտներն ու մանկավարժական կոլեկտիվները, ներողություն բառի համար, «քշվում» հավաքի վայրեր՝ բազմամարդության իմիտացիա ստեղծելու համար։ Նկատենք, որ հեղափոխության օրերին նույնպես նկատելի էր երեխաների մեծաթիվ մասնակցություն հատկապես Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքներին, դպրոցներում եւ այլ կրթական հաստատություններում դասադուլ էր հայտարարվել։ Այն ժամանակ դեռեւս իշխանական գործիչներից ոմանք Փաշինյանին եւ մյուսներին մեղադրում էին, թե իբր նրանք կանանց եւ երեխաներին որպես վահան են օգտագործում՝ ընդդեմ ոստիկանության։ Հարկ է հիշել ՀՀԿ-ական պատգամավոր, մանկավարժ Ռուզաննա Մուրադյանի՝ հանաքներին երեխաների մասնակցության վերաբերյալ կշտամբանքը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։

«Ես հասկացա, որ ձեր մղումները այնքան ուժեղ են, որ դուք կարող եք անցնել անգամ երեխաների անվտանգության վրայով, դուք կարող եք անտեսել հետեւանքները դեռահասների վրա՝ հաշվի չառնելով տարիքային առանձնահատկությունները, նրանք չեն կարող ադեկվատ որոշումներ կայացնել, գնահատել իրավիճակը, դրա վատ հետեւանքները ֆիզիկական են, բարոյական, գաղափարական: Դուք հանուն ինչ-որ բանի ամեն ինչի վրայով անցնելու թեզ հնչեցրեցիք»,-2018 թվականի մայիսի 1-ին, ԱԺ-ի կողմից վարչապետ ընտրելու հատուկ նիստում վարչապետի թեկածու Փաշինյանին հարցրեց Մուրադյանը։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նկատեց․ «Երբ դուք խոսում էիք, իմ աչքի առաջ անցնում էին այն բազմաթիվ կադրերը, երբ ցածր դասարանների երեխաները դպրոցների տնօրենների, մարզպետների որոշմամբ ստիպողաբար քշվում էին Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներին՝ «Առաջ Հայաստան» փուչիկները ձեռքերին բռնած: Ես ուզում եմ հասկանալ՝ իսկ որտե՞ղ էր ձեր այս մտահոգությունը ձեր կուսակցության հավաքների ժամանակ: Մենք ոչ մի երեխայի ստիպողաբար որեւէ տեղ չենք տարել, երեխաներն ունեն սահմանադրական իրավունքներ եւ որոշումներ կայացնելու իրավունքներ: Այլեւս երեխաների իրավունքները ՀՀ-ում պաշտպանված են եւ ոչ մի դպրոց, ոչ մի տնօրեն այլեւս չի համարձակվի պահել երեխաներին կողպած դռներով դպրոցներում ու կողպած դռներով դասարաններում, սա ես ձեզ երաշխավորում եմ»:

Հարկ է նկատել նաեւ, որ 2018-ի անհնազանդության ակցիաների ժամանակ, որոնք ուղեկցվում էին սիրո ու հանդուրժողականության մասին հիշեցումներով, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար կրկնում էր․ «․․․կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են եւ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»։ Պոզիտիվ այս ուղերձին այս օրերին տեղի ունեցող ակցիաների ժամանակ փոխարինել են ընդդիմադիրների կողմից արտաբերվող խիստ նեգատիվ կոչերը, որոնք մասնակիցների մեջ ագրեսիա են բորբոքում՝ ակամա մղելով բռնարարքների։ Երեխաները, որոնց ներաշխարհը խիստ խոցելի է արտաքին ազդակների նկատմամբ, կարող են դիմել ագրեսիվ գործողությունների՝ դրանից բխող մտահոգիչ հետեւանքներով։

Թե ինչ ազդեցություն են ունենում երեխաների բարոյահգեբանական վիճակի վրա նման դեստրուկտիվ կոչերը եւ ինչպես են ազդում նրանց քաղաքացիական կեցվածքի ձեւավորման վրա՝ թերեւս պետք է ուսումնասիրեն հատուկ մասնագետները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ