![]()
Ընդդիմության ակցիաներն ակնհայտորեն չեն վայելում լայն հանրության աջակցությունը, ինչի ապացույցը ոչ միայն դրանց սակավամարդությունն է, այլեւ սոցիալական հարթակներում այդ ակցիաների նկատմամբ վերաբերմունքը՝ մերժումից մինչեւ ծաղրանք եւ հեգնանք։
Որքան էլ տեսանելի են այդ ակցիաների կազմակերպիչները, հովանավորներն ու նպատակները (ռեւանշի ձգտող ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ), որոնք հանդես են գալիս «բուֆերային» դերակատարի՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմքով, սակայն հանրությանը հուզում է նաեւ հարցը՝ արդյո՞ք նրանք ունեն արտաքին հովանավորներ՝ որեւէ կենտրոնի աջակցությունը։ Դատելով այն հանգամանքից, որ Վանեցյանը «կադրային չեկիստ» է (դիտել Սոլովյանի հետ հայտնի հարցազրույցը), ենթադրություններ են հնչում, որ ակցիաներն իրականացվում են ԿԳԲ-ի համակարգմամբ: Գուցե նման ենթադրության հիմք է տալիս այն հանգամանքը, որ Վանեցյանի նստացույցին նախորդել էր վերջինիս Մոսկվա կատարած մասնավոր այցը։ Մենք, սակայն, չենք առաջնորդվի ենթադրություններով, այլ հետեւություններ կանենք՝ հղում անելով վերջին շրջանում արված մի քանի ուշագավ հայտարարությունների։
Ընդգծենք, որ Ա․ Վանեցյանը միակ ԱԱԾ-ականը չէ, որը մասնակցում է տեղի ունեցող հավաքներին։ Նրան է աջակցում նաեւ իր նախկին կոլեգաները, մասնավորապես Միքայել Համբարձումյանը, որը ԱԱԾ-ն ղեկավարել է ամենապատասխանատու շրջանում՝ 44-օրյա պատերազմի օրերին (2020 թ․ հոկտեմբերի 8-ից նշանակվելով ԺՊ)։ Համբարձումյանը, նկատենք, պատահական մարդ չէ, նա երկար տարիներ բարձր պաշտոն է զբաղեցրել ՀՀ ԱԱԾ-ում, կապեր ունի նաեւ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի բարերար գործընկեր «Փյունիկ» հիմնադրամի ղեկավար Գաբրիել Ջեմբեջյանի հետ, նախորդ ընտրություններին աջակցում էր քոչարյանա-սերժական ընդդիմությանը, ակտիվորեն մասնակցում է իր կոլեգայի հավաքներին, համախմբման կոչ անում ու պերճախոս հայերենով հարցազրույցներ տալիս։
Համբարձումյանը, որն աշխատանքից ազատվեց պատերազմից հետո՝ նոյեմբերի 8-ին, այժմ ղեկավարում է 2021 թվականի ապրիլի 15-ից գործող ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն, որի համադիմնադիրներից են նախկին ԱԱԾ-ականներ Հրանտ Եպիսկոպոսյանն ու Վրեժ Արզումանյանը։ ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջով այս ողջ ընթացքում ներքաղաքական կյանքին առնչվող հարցերի վերաբերյալ հայտարարություններ էր տարածում, հանդես գալիս պրոընդդիմադիր դիրքերից։ Սույն կառույցն, ի դեպ, քանիցս արձագանքել է ռուս-ուկրաինական պատերազմին՝ հանդես գալով պրոռուսական հայտարարություններով։
Հարկ է նշել, որ ՀԿ-ն ապրիլի 11-ին, մինչեւ «Զարթիր լաո»-ական ակցիաները, հայտարարությամբ հանդես եկավ, որում ուշադրության արժանի արձանագրումներ էր արել, թե իբր «ՌԴ-ն ՀՀ-ում հետևողականորեն կորցնում է դիրքերը, մարդիկ հիասթափված են այդ երկրի մեր նկատմամբ վարած արտաքին ու ներքին քաղաքականությունից, դադարել են ՌԴ-ն ընկալել որպես ՀՀ անվտանգության երաշխավորի»։ «Այսպիսով` ՌԴ-ն, եթե ուզում է շարունակել ներկայացված մնալ տարածաշրջանում և հատկապես ՀՀ-ում, ստեղծված իրավիճակից պետք է լրջագույն հետևություններ անի և շուտափույթ միջոցներ ձեռնարկի հայ ժողովրդի մոտ որպես ռազմավարական դաշնակցի իր վաղեմի հեղինակությունը վերականգնելու և վստահությունը բարձրացնելու համար, այլապես ևս մեկ-երկու տարի, և ռուսները դուրս կմնան ՀՀ-ից ու Արցախից»,-նշված էր հայտարարության մեջ:
ԱԱԾ-ականի պերճախոս բացահայտումը
Մատնագրի ոճով շարադրված, ՌԴ-ին ուղղված այս գանգատ-հորդորագրից մի քանի օր անց Մոսկվայից վերադարձած Ա․ Վանեցյանը սկսեց իր նստացույցը, որին միացան հաջորդեցին փողոցային տարերային միջոցառումները, որոնց նպատակն այդպես էլ հայտնի չէ ՝ի վերջո «հայրենիքի փրկությո՞ւնն» է, թե՞ «Փաշինյանի հրաժարականը։ Հարկ է նկատել, որ ՀԿ-ի էջում ս․թ․ապրիլի 15-ին, Վանեցյանի նստացույցից երկու օր առաջ, հրապարակվել է ՀԿ-ի անդամների եւ Ռոբերտ Քոչարյանի համատեղ լուսանկարը։
Այսօր ահա, ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ-ն, որի հիմնադրած ՀԿ-ի գործունեությունը տեղավորում է «հինգերրդ շարասյան» տրամաբանության մեջ, այսօր հայտարարություն է տարածել, որը, արտառոց լինելուց զատ, նաեւ իրենց համար տխուր հետեւությունների տեղիք է տալիս։ Համբարձումյանը, պարզվում է, դժգոհ է ադրբեջանական եւ ռուսական մամուլից՝ ընդդիմության ակցիաներին չհամակրելու եւ աջակցելու, ավելին՝ «ընդդիմությանը որպես «ռեւանշիստներ» ներկայացնելու, տարաբնույթ ակցիաների մասնակիցների թիվը, ազդեցությունն ու կարեւորությունը «էականորեն նվազեցնելու», կազմակերպիչներին քննադատելու եւ հեգնելու համար։ «Լրագրողները հանգում են հետևության, որ ՀՀ բնակչության զգալի մասը չի աջակցում «ռևանշիստներին» և իբր այս ամենից «փողոցային հեղափոխության նույնիսկ հոտ չի գալիս»,-գանգատվել է ԱԱԾ-ականը՝ կշտամբելով նաեւ ռուսական մամուլին,- «Այս իմաստով հետաքրքրական է նաև ռուսական դաշնային լրատվամիջոցների անտարբերությունը, լռությունը հայաստանյան իրադարձությունների նկատմամբ։ Համոզմունքս ամրապնդվում է, որ մեր հանրությանը հուզող մտահոգությունները և կասկածները վաղ թե ուշ պետք է անաչառ քննության առարկա դառնան, ստուգվեն ու փարատվեն»։
Ինչ է ստացվում՝ փողոցային պայքարի միջոցվ ռեւանշի ձգտող ընդդիմությունը, փաստորեն, ակնկալում էր, ոչ դես, ոչ դեն՝ Ռուսաստանի և Ադրբեջանի աջակցությունը՝ տեղի մամուլում պրոռևանշիստական հրապարակումների տեսքով եւ, փաստորեն, չստանալով իր ակնկալած աջակցությունն ու արձագանքները, որոշել է դիմել իր սիրած մեթոդին՝ կոնսպիրոլոգիային՝ դավադրություն տեսնելով իրենց ակցիաներին կարեւորություն չտվող ադրբեջանական եւ ռուսական մամուլի վարքագծում։ Ինչ խոսք, Համբարձումյանին արժանին պետք է մատուցել՝ ընդդիմության անվան տակ գործող խմբակի թշվառ վիճակը բացահայտող այս պերճախոս վկայության համար։
Հ․Գ․ Ի դեպ, Մ․ Համբարձումյանը հրաժարական տալուց հետո էլ էր հայտարարություն տարածել, որում վստահեցրել էր, որ «Նիկոլ Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելը առնվազն արդար չէ»: Ապա հավելել էր․ «նա հայրենասեր, չկոռումպացված, իր գաղափարներին նվիրված մարդ է, ով, թույլ տալով ակնհայտ սխալներ, բացթողումներ, ունակ չէ գիտակցաբար գործել ի վնաս մեր հայրենիքի»:
![]()