«Բախման ցանկացած փորձ օրենքի ողջ խստությամբ կարժանանա հակազդեցության». պատգամավորը՝ ընդդիմության գործողությունների մասին

Շուրջ երկու շաբաթ է՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը մայրաքաղաքում փողոցային ակցիաներ են իրականացնում, որոնք ուղեկցվում են ոչ միայն բռնության կոչերով, այլև այդպիսի գործողություններով:

«Հայկական ժամանակ»-ը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ զրուցել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ:

— Պարոն Պապոյան, ընդդիմության փողոցային գործողություններն ուղեկցվում են բռնության կոչերով և մինչև անգամ դրանց դրսևորմամբ: Մասնավորապես արդեն երկու նման դեպք է արձանագրվել: Զանգվածային բախումների հավանականություն նկատո՞ւմ եք:

— Բռնությունն ու հայհոյանքն ընդհանրապես անակնկալ չեն մեզ համար: Դա ընդդիմության հոգեկերտվածքն է, նրանց աշխարհայացքը: Իրենք, երբ նորից գան իշխանության, ժողովրդի հետ վարվելու են հենց այդպես: Իսկ մեծ բախումների մասով կարող եմ ասել, որ պետական ինստիտուտները շատ պինդ են, և նման փորձերն օրենքի ողջ խստությամբ այնպիսի հակազդեցության կարժանանան, որ դա կավարտվի նրանց համար ուղղիչ աշխատանքային վայրեր տեղափոխվելով:

— Նշեցիք, որ երբ կրկին գան իշխանության, բռնությամբ են ղեկավարելու: Կա՞ հավանականություն, որ կարող են կրկին վերադառնալ:

— Ո՛չ, ամեն կերպ մենք դա չպետք է թույլ տանք: Ժողովուրդն էլ թույլ չի տա, որ նրանք գան իշխանության: Գալու են իշխանության ու նորից հայհոյեն, ծեծեն, կողոպտեն, թալանեն ու մնան անպատիժ: Եթե գան իշխանության, ինչ արել են առաջ, հիմա անելու են դրա կրկնակին:

— Ինչպե՞ս եք գնահատում այս օրերին ուժային կառույցների աշխատանքը:

— Իրավապահները մեղմ են գործում, կոշտացնելու տեղ կա: Սակայն, այնուամենայնիվ, կարծում եմ, այս օրերին ոստիկանությունը շատ լավ է աշխատում:

— ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն ասում է, որ մայիսի 1-ին Երևանում տեղի է ունենալու վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքը: Հավանական համարո՞ւմ եք:

— Վարչապետի գլխավորությամբ ցանկացած պահի, եթե մենք հանրահավաք անցկացնեք, 5 անգամ ավելի շատ մարդ է գալու, քան իրենց պատկերացրած «հուժկուները»:

— 2018 թվականին Սերժ Սարգսյանը թերահավատորեն էր վերաբերում իշխանափոխությանը, սակայն տեղի ունեցավ հեղափոխություն: Այժմյան իշխանությունը կարծես նույն թերահավատությամբ է վերաբերում ընդդիմադիրների գործողություններին: Ամեն կերպ բացառո՞ւմ եք դա:

— Դուք կարծում եք, որ մեր ժողովուրդը գնալու է հայհոյանք տվողի, բռնության կոչ անողի, անպատժելիության մթնոլորտ տարածողի, ծեծողի, թալանողի, կոռուպցիոների, գողի, խաղաղությունը մերժողների, ՀՀ-ի ինքնիշխանությունն ու սուվերենությունը կասկածի տակ դնողների հետևի՞ց: Դուք կարծում եք՝ մեր ժողովուրդը դրանց հետևի՞ց է գնալու: Մեր ժողովուրդը դրանց վերջնական մերժել է և ուղարկել ամենահեռու տեղը:

— Բայց չէ որ ընդդիմությունն Արցախի հարցն է որպես գործողությունների հիմնավորում նշում, իսկ Արցախի հարցը շատ նուրբ և զգացմունքային թեմա է, և հենց սա էլ կարող է մարդկանց դրդել գնալ Ազատության հրապարակ:

— Արցախի թեման շահարկողները 44-օրյա պատերազմի ժամանակ գնացել են Արցախ, սելֆի են արել ու փախչել: Նիկոլ Փաշինյանի տղան պատերազմի ժամանակ կռվում էր, իսկ իրենց երեխաներն ու թոռները ԱՄՆ-ում են ծնվել, որ Ամերիկայի քաղաքացի լինեն ու պատերազմների չմասնակցեն: Ժողովուրդն էլ դրա մասին շատ լավ գիտի: Սուտ հայրենասիրական լոլոներով ու շահարկումներով, բայց Արցախը ծախելով՝ նրանք ոչ ոքի չեն կարողանա մոլորության մեջ գցել:

— Օրեր առաջ ավտովթարի ենթարկված հղի կնոջ մահվան դեպքը նույնպես քաղաքական երանգ ստացավ: Մինչև անգամ բանը հասավ նրան, որ ոմանք պնդում էին, թե միտումնավոր է արվել: Սա ինչի՞ մասին է խոսում:

— Այդ մարդիկ ստոր են: Այդ մարդկանց համար, ցավոք սրտի, 28-ամյա կնոջ մահը հնարավորություն էր: Իրենք ա՛յ այդքան ստոր են: Այդպիսի քայլերով ստվեր չեն կարող գցել իշխանությունների վրա: Հակառակը, իրենք ժողովրդին իրենց դեմ են տրամադրում:

— Արթուր Վանեցյանին Ազատության հրապարակում այցելել են Ձեր նախկին գործընկերները՝ Արա Այվազյան, Դավիթ Անանյան, Վալերիյ Օսիպյան և այլք: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս միասնությունը:

— Նախկիններով իրար գլխի են հավաքվում, շատ լավ է: Թող հավաքվեն, դա լավ ցուցիչ է: Նույն կատեգորիայի մարդիկ նույն տեղում են լինում: Յուրահատուկ մի մագնիս է:

— Իսկ ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում:

— Այս անգամ մի քանի միլիոնատերերն ու միլիարդատերերն են դուրս եկել պայքարի: Նրանք, ովքեր իրենց հռչակել են էլիտա, իսկ ժողովրդին՝ ժեխ: Սակայն ժողովուրդը դրանց տեղը ևս մեկ անգամ ցույց կտա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ