![]()
Կարիքների գնահատմամբ փորձելու ենք հստակեցնել, թե զորացրվող տղաները ինչ մասնագետներ են, ինչ լեզուների են տիրապետում, ինչ հմտություններ ունեն այս կամ այն ոլորտում, ինչ ուղղությամբ են ցանկանում վերապատրաստվել:
Այդ աշխատանքն ամբողջացնելուց հետո Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները կսկսեն նրանց հետ աշխատել զորացրվելուց հետո:Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նրա տեղեկացմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ սկսել է ծրագիր, որի շրջանակում կգնահատվեն զորացրվելու ենթական զինծառայողների կարիքները: Նախարարն ասաց, որ նպատակն է հստակեցնել, թե զինծառայողները, որոնք մի քանի ամսից զորացրվելու են, ինչ հմտությունների են տիրապետում, վերապատրաստման ինչ ծրագրերի կարիք ունեն:
«Եթե կլինեն մեծ թվով զորացրվածներ, որոնք որևէ ուղղությամբ վերապատրաստվելու կարիք ունեն, ապա մենք ծրագրեր կիրականացնենք: Դրանից բացի, մենք նրանց կուղղորդենք տարբեր ընկերություններ մեր հուշագրային հնարավորությունների շրջանակում, իսկ մենք բազմաթիվ կազմակերպությունների հետ ունենք հուշագրեր»,-ասաց նախարար Մկրտչյանը:
Նախարարի խոսքով՝ եթե անգամ այդ փուլում հնարավոր չլինի աշխատանքի տեղավորել, ապա կկարողանան զորացրված տղաներին կողմնորոշել աշխատաշուկայում, մասնագիտական վերապատրաստման որոշակի հնարավորություններ տրամադրել:
Կարիքների գնահատման գործընթացն արդեն սկսված է, ընթացիկ տարվա հուլիսին, երբ զորացրումները սկսեն, արդեն տղաների հետ գործնական աշխատանք կտարվի:
![]()