«Աղբը պետք է տեղափոխվի միայն աղբավայր». Փաշինյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ ապրիլի 30-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ: «Հիմա գործընկեր կառույցների հետ աշխատել ենք, բավականին ակտիվ ներգրավված են նախարարությունները, մարզպետարանները, Երևան համայնքը:

Մի խնդիր կարող ենք ունենալ՝ կապված եղանակային պայմանների հետ, բայց շաբաթօրյակի օրը չենք փոխի: Այն մարզերում, որտեղ եղանակային պայմանները թույլ չեն տա, հաջորդ շաբաթ կիրականացնենք: Առիթից օգտվելով՝ մեր հայրենակիցներին, գործընկերներին ուզում եմ հորդորել՝ ներգրավվել առաջիկա շաբաթօրյակի աշխատանքներին»,- նշել է Սանոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս թեմայի հետ կապված հանձնարարական է տվել։ «Մենք շատ հաճած հետևյալ երևույթի հետ ենք բախվում, որ մենք գնում ենք, տեսախցիկների առաջ հավաքում ենք աղբը x վայրից և տեղափոխում y վայր: Հետո y վայրից տանում ենք z վայր: Սա չափազանցություն չէ, որովհետև մենք աղբավայրերի և կոշտ թափոնների կառավարման խնդիր ունենք:

Եթե մենք ունենալու ենք այդպիսի երևույթներ, ավելի լավ է՝ եկեք չանենք: Ավելի լավ է՝ կենտրոնանանք կոշտ թափոնների կառավարման մեր համակարգի ներդրման և աշխատանքի վրա, որովհետև աղբը պետք է տեղափոխվի միայն աղբավայր: Սա եկեք արձանագրենք որպես խստիվ հանձնարարական»,- ասել է Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ