![]()
Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել, ըստ որի ուժը կորցրած է ճանաչվում օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նիստի ընթացքում ասել է, որ հանվել են քրեակատարողական հիմնարկներում, նաև ՊՆ ԶՈՒ-ում սահմանափակումները. արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ այլևս թեստ հանձնելու կամ պատվաստվման սերտիֆիկատը ներկայացնելու պահանջը չի գործի։
«Այս որոշմանը զուգահեռ փոփոխություններ են իրականացվել նախարարի հրամանների մեջ. համաձայն այդ փոփոխությունների՝ վերացել է դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումներ ժամանակ 1.5 մետր պահպանելու արգելքը և աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։ Նախարարի խոսքով՝ որոշումը պայմանավորված է հետևյալ փաստերով:
«Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության ընդամենը 144 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 32 տոկոսով, երեկ գրանցվել է ընդամենը 3 դեպք։ Վերջին ամսվա ընթացքում նկատվում է նա մահվան դեպքերի կտրուկ նվազում, և 14 օրերի ընթացքում մենք ընդամենը 1 մահ ենք ունեցել։
Հաշվի առնելով այս կայուն իրավիճակը և նաև աշխարհով համավարակի նվազման տեմպերը՝ որոշում ենք կայացրել որոշ սահմանափակումներ հանել, ինչը տեղավորվում է մեր ընդհանուր քաղաքականության մեջ: Մենք համավարակի առաջին իսկ օրից շատ համաչափ և զգուշորեն ենք մոտեցել սահմանափակումներ կիրառելուն, և դրանք ուղղված են եղել միայն համավարակը զսպելու, կանխարգելելու և ժամանակ տալու առողջապահական համակարգին իր ուժերը մոբիլիզացնելու համար»,- ասել է նախարարը։
![]()