![]()
Այսօր աշխատանքային խորհդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման և բարեկարգման աշխատանքներն իրականացրած անձնակազմին, ոստիկանության աշխատակիցներին ու մայրաքաղաքի բնակիչներին՝ հասարակական կարգի պահպանման և նախաձեռնությանն աջակցելու համար:
«Սա մեր քաղաքի սիրտն է, և մենք պետք է մեր քաղաքի սիրտը գեղեցկացնենք, պետք է բարեկարգենք, կանաչապատենք, որպեսզի և՛ մեր համաքաղաքացիները, և՛ մեր քաղաքի հյուրերը վայելեն մշակութային այդ մթնոլորտը»,- նշել է քաղաքապետը:
Քաղաքապետ Մարությանը կոչ է արել բոլորին միանալ Երևանի մաքրման ու կանաչապատման աշխատանքներին:
![]()
«Ես իմ ընտանիքի անդամների հետ ամբողջ օրը դուրս եմ գալու՝ մեր քաղաքը մաքրելու համար: Ուզում եմ նաև դիմել և խնդրել մեր բնակիչներին, որպեսզի նրանք ևս միանան մեզ: Սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի միասին այդ մեկ օրվա ընթացքում բավականաչափ մեծ գործ անենք:
Միասին լծվենք գործի և մաքրենք մեր քաղաքը: Ես հույս ունեմ՝ մի քանի անգամ այսպիսի շաբաթօրյակների կազմակերպումից հետո քաղաքը կմաքրվի, նաև հետո շատ մեծ հույսեր ունեմ, որ այնպես կպահենք մեզ ու մեր քաղաքը, որ այսպիսի շաբաթօրյակների կարիք այլևս չլինի»,- ընգծել է Հայկ Մարությանը:
![]()