Նախկին իշխանությունից թանկարժեք նվերներ ստացած Հրանտ Թոխատյանն այսօր ակցիա բաց չի թողնում և կանգնում է ռևանշի ելած հների կողքին, որ․․․

Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, մշակույթի գործիչ Հրանտ Թոխատյանը պարզվում է, հակամշակութային արարքների է ունակ՝ աջակցել ու այսպիսով արդարացնել բռնությունը իր տեսակի՝ մարդու հանդեպ։ Խոսքը բլոգեր Ռոման Բաղդասարյանի նկատմամբ ապրիլի 24-ին բռնություն գործադրած, ապա ոստիկանություն տարված ոմն Գրիգոր Հարությունյանին աջակցություն հայտնելու մասին է։

Թեթեւ ժանրի ծանրաքաշ դերասանը, որը տարիներ շարունակ բեմում իբրեւ թե կռիվ էր տալիս այն հասարակական-քաղաքական արատների դեմ, որոնց մարմնացումը նախկին իշխանությունն էր, արդեն տեւական ժամանակ է՝ համալրել է քոչարյանասերժական ընդդիմությանը սատարողների շարքերն ու մշակութային ֆոն է ապահովում նախկինների ռեւանշի համար։ Իհարկե, նա իր որոշումը հիմնավորում է այսօր շրջանավող մոդայիկ թեզով՝ Արցախն ու Հայաստանը փրկելու մտահոգությամբ։

Մենք զերծ կմնանք հանրությանը քաջ հայտնի դերասանին «ծախված մտավորական» գռեհիկ պիտակով կոչելուց, քանի որ ամեն մարդ, անկախ իր մտավոր կարողություններից, ազատ է իր քաղաքական նախասիրություններում։ Մարդուն, ի վերջո, լավագույնս բնութագրում է ոչ թե նրան փակցված «մտավորական» բարձրագոչ կոչումը, այլ նրա մտքի արտադրանքը՝ հայտարարությունների, հարցազրույցների եւ այլ հանրային ելույթների տեսքով։ Նախօրեին թերթերին մեկին տված հարցազրույցում դերասանը հայտնել է, թե «ցանկալի կլիներ, որ այս ամենն ավելի շուտ լիներ, բայց հասարակությունը դեռ չէր հասունացել, համենայն դեպս, գոնե այն մասը, որն ընտրել էր Նիկոլ Փաշինյանին»: «Նրանք դեռ գտնվում էին իր ամեն ասածի տպավորության տակ: Հիմա շատ վատ բան պիտի ասեմ, բայց երևի պետք էր այս ամեն ինչի միջով անցնել, որպեսզի մարդիկ ամեն ինչ վերլուծեին, հասկանային, թե ինչ կատարվեց, ինչ եկավ բոլորիս գլխին: Մեծամասնության կողմից ընտրված իշխանությունն ամբողջովին ձախողեց այն ամենը, ինչ խոստացել էր, մինչդեռ շատերը նրանց հետ հույսեր էին կապել»։ Նա նաեւ կշտամբել է նրանց, ովքեր ասում են, թե «չենք գնա հրապարակ, քանի որ այնտեղ հներն են»: Այսինքն, եթե հներն են Ազատության հրապարակում, դրա համար ես այնտեղ չեմ գնում, ստացվում է` ինձ համար մեկ է, որ երկիրը կկորցնենք, կարևորը հները հետ չգա՞ն: Դա ամենացավալի մտածելակերպն է»,-մասնավորապես ասել է 2015 թվականից ՀՀ ժողովրդական արտիստ Թոխատյանը։

Նույն Թոխատյանը, սակայն, 2018 թվականի թավշյա հեղափոխության օրերին այլ դիրքերից էր հանդես գալիս։ Նա 1in.am-ի եթերում մասնավորապես նշում էր, թե հեղափոխության օրերին հարթակում չի եղել, քանի որ հարթակն իր տեղը չէ , ինքն այդտեղից խոսել չգիտի, իր տեղը բեմն է, ինքը գտնվել է հարթակից ներքեւ, ժողովրդի կողքին եւ սպասել, թե ինչ կխոսի «վաղը վարչապետ ընտրվող մարդը»։

«Էսօրվա մեջ իր փոքրիկ լուման ունի ե՛ւ «Խաթաբալադան», ե՛ւ մանավանդ «Մեա կուլպա»-ն, ե՛ւ «Ժանգոտ բանալին», ե՛ւ երկրորդ «Մեա կուլպա»-ն»,-հայտարարում էր Թոխատյանը՝ հավելելով, որ իրադարձությունները արագ զարգացան, տեղի ունեցավ հեղափոխություն եւ ինքն էլ տեսավ դա, ինչի համար երջանիկ է։ Այսօր սակայն, հայտնի դերասանն իր ներկայացումները դիտած, դրանցից ազդված ու հեղափոխություն արած մարդկանց համարում է հեղափոխության առաջնորդի խոսքի ազդեցության տակ մնացածներ, որոնց հույսերը, սակայն, չեն արդարացել։ Նույն Թոխատյանն, ի դեպ, այդ նույն հարցազրույցում ասում է, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հեղափոխությանը հաջորդելիք դժվարությունների, բարդությունների մասին մտահոգությունը պետք է մեզ պետք է հետ պահեր փոփոխությունների գնալուց՝ կտրուկ արագանքում է․ «Երբեք, քավ լիցի, ոչ մի վայրկյան, այ դրա մասին ընդհնարպես չի կարելի մտածել, դրա մասին մտածողը հետ կմնա էս գնացքից, էս գնացքը հիմա թափ ա հավաքել, մենք ունենք նոր գնացք, շատ լավ մեքենավար, ուրեմն պետք է փորձենք մեքենավարին օգնենք, մեկը պետք է ածուխը լցնի, որ մեր գնացքն արա գնա, մեկը պետք է մաքրությանը հետեւի, կարգուկանոնին, փորձենք ամեն ինչը դնենք իրա տեղը։ Աշխատել ա պետք, ընենց չի, որ վաղվանից կարթնանաք, մեկ էլ աշխատավարձները կդառնա 5 հազար դոլար, բոլոր գործարանները կաշխատեն, մարդիկ կլինեն երջանիկ․․․էդպես չի լինում, դրան պետք է գանք։ Մի ամիս առաջ չկային էդ նախապայմանները, ամեն մեկը իր հոգու խորքում հույս ուներ, որ կգա էդ օրը, անգամ էդ հույսն էլ շատերի մոտ արդեն չկար, թվում էր, թե՝ վերջ»։

Հարթակ չսիրող պարոն Թոխատյանը, որն այսօր չի խորշում նախկինների հետ նույն հարթակում կանգնելուց, 2018 –ին հայտարարում էր նաեւ՝ նրանց, ովքեր չեն միացել հեղափոխությանը, քանի որ «ինչ որ բանով պարտական էին նախկին իշխանությանը», «չպետք է տրորել, այլ ասել, եղբա՛յր, սխալվում էիր, վատ ա եղել, էսօր եկել ես մեր մոտ, արի՛, վաղն էլ պետք կգաս, որովհետեւ վաղը պետք կլինի քո վրձինը, քո ստեղնաշարը, քո բեմը, քո չգիտեմ ինչը, եւ այլն, եւ այլն․․․արի մեզ մոտ, արի, արի ժողովրդի կողքը կանգնի, որտեւ ճիշտը ստեղ ա, պատմությունը ցույց ա տվել՝ ժողովրդի հետ ես լինում, միշտ էլ դուրս ես գալիս․․․․»։

Պարոն Թոխատյանի՝ չորս տարի առաջվա խոսքերն ու այս օրերին արվող հայտարարությունները համադրելով՝ ուզում ենք հարց տալ՝ ո՞ր Հրանտ Թոխատյանն էր անկեղծ ու ճիշտն ասող, նա՞, որը զգուշություն էր ցուցաբերում հեղափոխության օրերին ու հայտարարում էր, թե «անպայման չի՝ Հրանտ Թոխատյանը իր խոսքը ասի, առանց հասկանալու՝ ինչի մասին ա խոսում, որովհետեւ ինքը կարող ա խանգարի ընդհանուր գործին»։ Նա՞, որը, «պոստ սկրիպտում» ուրախ էր, որ հեղափոխությունն ավելի շուտ եկավ, քան ինքն էր կարծում, նա՞, որը երջանիկ էր, որ իր խաղացած ներկայացումները նպաստել են հեղափոխության ծնունդին, նա՞, որը 2018-ին ժողովրդի կողքը կանգնելով կարողացավ իր՝ հետագայում պետքական լինելու հարցը լուծել, թե՞ նա, որն այսօր սատարում է այն նույն նախկիններին, որոնց օրոք, ինչպես ինքն է ասում, վատ էր, հույս չկար, որ լավ կլինի ու թվում էր, թե՝ վերջ։ Ինքն այսօր, փաստորեն, «վերջ»-ի վերադարձին սատարում դրանից բխող հետեւանքներով։

Ի դեպ, հիշեցնենք, որ Հրանտ Թոխատյանը որ այժմ հասունացել և հասկացել է, որ երկիրը պետք է փրկել կործանումից՝ հների կողքին կանգնելով, ժամանակին լուրջ նվերներ է ստացել նախկին իշխանությունից՝ ոչ միայն պետպատվերի շրջանակում գումարների ու պատվերների տեսքով։ Օրինակ՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ավարտին ավագանու որոշմամբ 10 տարով Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին անհատույց տրվեց Արաբկիր համայնքում գտնվող Կանազի մշակույթի պալատը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ