«Իշխանությունը պետք է կոշտ լինի, քանի որ ընդդիմությունը ոչնչի առաջ կանգ չի առնի, ընդհուպ՝ ահաբեկչության կգնա». քաղաքագետ

Ես հավատում եմ, որ ընդդիմությունը երկրորդ անգամ Հոկտեմբերի 27, Մարտի 1, ամեն բան էլ կկազմակերպի, սակայն այն, որ ջահերով երթը կվերածեին քաղաքական ակցիայի ընդդեմ իշխանության, իմ պատկերացումից դուրս էր:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած ջահերով երթին և ընդդիմադիրների՝ դրան քաղաքական ենթատեքստ հաղորդելուն:

«Սպասում եմ, որ մարդասպան կլինեն, բայց որ այսքան ապուշ էլ են, չէի սպասում: Ուզում էին ասել, թե 60 հազար մարդ իրենց հետ դուրս է եկել փողոց: Եթե այդ մարդիկ կազմակերպված եկել էին, այսինքն՝ ըմբոստանում են, իսկ այսօր ո՞ւր են, ինչո՞ւ են նրանց այսօրվա ակցիաներին ընդամենը մի քանի հոգի մասնակցում: Նրանք ուղղակի օգտագործեցին ջահերով երթը՝ տպավորություն ստեղծելու համար, թե իրենց կողքին մարդ կա: Ինչպես տեսնում ենք, այսօր դրա 1 տոկոսն անգամ չկա. էժան մանիպուլյացիան չի աշխատում»,- ասում է Անտինյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ ընդդիմությունը չի կարողանում իր շուրջը լայն զանգված համախմբվել, քանի որ վստահություն չեն ներշնչում: «Որքան էլ իրենք ամեն հարցում իշխանությանը մեղադրեն, միևնույն է, հանրությունը նրանց չի վստահում»,- նկատում է նա:

Դիտարկմանը՝ ընդդիմությունը կարծես այսօր այնպիսի գործողություններ և քայլեր է իրականացնում, որոնք ժամանակին իրականացնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քաղաքագետը համաձայնում է և նշում՝ միևնույն է, ոչինչ չի հաջողվելու:

«Ասում էին՝ հեղափոխությունը տեխնոլոգիաների արդյունք էր, ոչ թե հանրության ցանկությունը, սակայն այսօր նույն բանն իրենք են անում: Կարծում են՝ եթե 4 տարի առաջ այդպես հաջողվեց, հիմա էլ կհաջողվի: Հենց սա էլ խոսում է նրա մասին, որ իրենք չեն հաջողելու»,- ասում է նա:

Հարցադրմանը՝ 2018 թվականին իշխանությունները անլուրջ էին վերաբերվում այժմյան իշխանության գործողություններին, որոնք այն ժամանակ ընդդիմադիր էին, սակայն տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը: Տպավորություն է, որ այսօր էլ գործող իշխանությունն է անլուրջ վերաբերվում ներկայիս ընդդիմության գործողություններին, հնարավո՞ր է՝ պատմությունը կրկնվի, Անտինյանը բացասական պատասխան է տալիս:

«Իշխանությունն այսօր պետք է ավելի կոշտ գտնվի, քանի որ այսօրվա ընդդիմությունը ոչնչի առաջ կանգ չի առնի, ընդհուպ՝ մինչև ահաբեկչության կգնա: Ես ո՛չ նախկին իշխանության մաս եմ կազմել, ո՛չ ներկա, սակայն մտահոգվում եմ Հայաստանի Հանրապետության համար: Չեմ ուզում, որ պետությունը պարտվի ահաբեկչությանը: Ադրբեջանը սինխրոն կարող է օգտագործել այն, ինչ կատարվում է մեր երկրում, կարող է ակտիվանալ, որովհետև հնարավոր է՝ ապագայում ավելի շահեկան ժամանակահատված չգտնվի»,- կարծում է քաղաքագետը:

Անդրադառնալով ընդդիմության՝ մարզային քայլերթը Իջևանից սկսելուն, որը ՀՀ վարչապետի ծննդավայրն է, Էդվարդ Անտինյանը նկատում է՝ ինչ էլ ուզում է անեն, նրանք չունեն աջակցություն, առավել ևս՝ մարզերում:

«Կարող են ինչ-որ սիմվոլներ օգտագործել, սակայն մոռանում են, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունների կարևորագույն կետը քայլելը չէր, այլ նրա հետ համամիտ էր ՀՀ-ի մեծ մասը: Նրան աջակցում էին մարդիկ, որոնք քաղաքականությամբ չէին զբաղվում, իր թիմակիցները չէին, այլ մարդիկ էին, որոնք պարզապես զզվել էին նախորդ իշխանություններից»,- կարծում է Անտինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ