![]()
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնում է 2 օրով երկրից բացակայելու մասին: Նա այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Այսօրվանից 2 օրով ստիպված եմ բացակայել երկրից՝ մասնակցելու Ժնևում «Անվտանգության ոլորտի կառավարումը եւ բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովում» թեմայով կարևոր քննարկումներին։ Ներկայացնելու եմ մեր երկրի անվտանգային դաշտում առկա խնդիրները, մարտահրավերները և զինված ուժերում մարդու իրավունքների վիճակը:
Այցը կազմակերպում, այցի հետ կապված ծախսերը հոգում է Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնը (DCAF), աջակցում՝ Գերմանիայի ԱԳՆ-ն:
Այցը պլանավորված էր շատ ամիսներ առաջ, երբ դեռ հնարավոր չէր կանխատեսել, որ այս օրերին կանգնելու ենք մեր երկրի համար ավելի ծանր և օրհասական մարտահրավերի՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու իշխանության պատրաստակամության և Արցախի լինելիության վտանգի առաջ։ Ու ստիպված էինք լինելու անժամկետ պայքար սկսել հանուն ՀՀ-ի և Արցախի,- գրել է Թովմասյանը:
Օրերս ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Երևանի Ազատության հրապարակում հայտարարել էր, որ սպասում են՝ փողոցում լայն զանգված հավաքվի, որից հետո կսկսեն իրենց բուն գործողությունները: Միևնույն ժամանակ Թովմասյանը արձանագրել էր՝ եթե քաղաքացին չի ուզում երկրում փոփոխություն, նրանք չեն կարող փոխել։ Այս ամենին զուգահեռ նա հավաստիացրել էր, որ իրենք տուն չեն գնալու այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի հեռացել:
Ազատության հրապարակից տուն գնալ չպատրաստվող Թագուհի Թովմասյանը օերերս էլ Աղվերանում մասնակցել էր «2021 թվականի աշխատանքների ամփոփում և 2022 թվականի աշխատանքների պլանավորում» թեմայով արտագնա նիստին և եռօրյա աշխատանքային քննարկմանը: Վերջինս ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է:
Թագուհի Թովմասյանը որոշ ժամանակ առաջ էլ ընդդիմադիր իր գործընկերներին առաջարկում էր վայր դնել պատգամավորական մանդատները:
![]()