![]()
Արսեն Բաբայանն ավելի անբարո է, քան ես կարող էի պատկերացնել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցություն ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ մանրամասնելով, որ Բաբայանը տեսանյութ է հրապարակել, որտեղ Գևորգ Գորգիսյանն իր երեխաների հետ հատում է գիծը, որպեսզի ծաղիկ խոնարհի այնտեղ ամփոփված իր հորեղբոր՝ Մովսես Գորգիսյանի շիրիմին:
Ըստ Խաժակյանի՝ Բաբայանը դա ներկայացրել է՝ իբրև Գորգիսյանը որպես արտոնյալ հերթ է խախտել:
«Այդ անգրագետը հավանաբար չգիտի, թե որտե՞ղ է ամփոփված Ազգային Հերոս Մովսես Գորգիսյանի աճյունը»,- գրել է նա:
Մեկ այլ գրառմամբ Խաժակյանը լրացրել է իր միտքը՝ նշելով, որ շատերին է հայտնի՝ Ազգային Հերոս Մովսես Գորգիսյանի աճյունը ամփոփված է Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ պատի և արահետի միջնամասում:
«Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելիս Գևորգ Գորգիսյանը, առանձնանալով կուսակցական ներկայացուցիչներից, իր ընտանիքի հետ հատել է բաժանարար գիծը, որպեսզի ծաղիկ խոնարհի Մովսես Գորգիսյանի գերեզմանաքարին, որը գտնվում է անմիջապես սիզամարգի մեջ:
Արսեն Բաբայան անուն ունեցող հայը այդ դրվագը ներկայացրել է այնպես, իբրև Գորգիսյանը խախտել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հերթը: Այսքան անբարո վարքագիծ ես չգիտեմ՝ էլ ումից կսպասեի»,- եզրափակել է Խաժակյանը:
Մովսես Գորգիսյանը հայ քաղաքական գործիչ է, հրապարակախոս, Արցախյան շարժման առաջնորդներից մեկը:
Առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի Խորհրդային միության դեմ։ Եղել է 1967 թվականին Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ։
Նա առաջինն էր, որ 1988 թվականի մայիսի 28-ին Ազատության հրապարակում ծածանեց եռագույնը: Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ 1990 թվականին զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով՝ արժանացել է Ազգային հերոսի կոչման։ Թաղված է Ծիծեռնակաբերդում։
![]()
![]()