![]()
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի վարչական շենքը «ներկվել է» հայոց դրոշի գույներով։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։ Ավելի վաղ դեսպանությունը հայտնել էր, որ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 22-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով տեղի ունեցավ ընդունելություն՝ բազմաթիվ խորհրդարանականների, Փարիզի քաղաքային խորհուրդի անդամների և հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ։
Ընդունելության մեկնարկին ելույթներով հանդես են եկել Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) երկու համանախագահները: Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտողականության դատապարտման անհրաժեշտությանը՝ ընդգծելով դրա կարևորությունն ինչպես համայն հայության համար, այնպես էլ ցեղասպանությունների կանխարգելման և մարդկության դեմ հանցագործությունների միջազգային պայքարի տեսանկյունից:
Դեսպանը հիշեցրել է նաև այն կարևոր դերակատարման մասին, որ Ֆրանսիան ունեցել է ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ապաստանելու հարցում՝ շեշտելով, որ Ֆրանսիայում ապաստանած հայ գաղթականների սերունդները, պահպանելով իրենց ազգային ինքնությունը, միևնույն ժամանակ դարձել են Ֆրանսիայի լիիրավ և պատասխանատու քաղաքացիներ՝ մեծ ավանդ ունենալով Ֆրանսիայի զարգացման և հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման գործում։
Եզրափակելով իր խոսքը՝ դեսպանը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքային իշխանություններին, ի դեմս քաղաքապետ Հիդալգոյի, մշտապես Հայաստանի և Արցախի կողքին լինելու համար։ Նա հիշեցրել է, որ Փարիզի քաղաքային խորհուրդն առաջիններից էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ընդունեց բանաձև՝ կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղը։
![]()