![]()
Վեց տարի առաջ կինեզիստ Դավիթ Պարյանն ու նրա ընկերները որոշեցին կամավորական թիմ ձեւավորել եւ օգնել զինվորական ծառայություն անցնող տղաներին: Ապրիլյան պատերազմից հետո էլ որոշեցին, որ պիտի օգտակար լինեն մարտի դաշտում վիրավորված տղաներին: Կամավորական թիմը գնալով ընդլայնվեց, եւ միմյանց հաջորդող չարաբաստիկ իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ Դավիթը մնաց վիրավոր զինվորների կողքին եւ մինչ օրս էլ նրանց հետ է: Սկզբում՝ որպես կամավոր, հետո՝ կայացած մասնագետ:
Դավիթ Պարյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցը ստորեւ.
— Դավիթ, շատերը Ձեր մասին իմացան Ապրիլյան պատերազմից հետո, երբ մի քանի կամավորների հետ թիմ ձեւավորեցիք եւ սկսեցիք աջակցել պատերազմում վիրավորված տղաներին: Ինչպե՞ս առաջացավ գաղափարը:
— Կամավորական խումբ ձեւավորելու միտքը ծագեց հենց Ապրիլյան պատերազմի օրերին: Այդ ժամանակ ես եւ Ֆիզիկական կուլտուրայի դասախոսներս ու ուսանողական ընկերներս որոշել էինք գնալ առաջնագիծ եւ օգնել ինչով կկարողանանք: Սկզբում քննարկում էինք, որ կարելի է առաջին բուժօգնություն ցուցաբերել, հետո մտածեցինք, որ վիրավորները առողջապահական ավելի նեղ մասնագիտական օգնության կարիք կունենան՝ կինեզոթերապիա եւ այլն: Դավիթ Արսենյանի, Արտավազդ Օհանյանի, Վահեի, Ալեքսի հետ էինք այդ քննարկումներն անում: Սկզբում 7 հոգով էինք, հետո՝ 9, եւ այդպես թիմը գնալով ընդլայնվեց: Գնացինք Արցախ, հետո, երբ վերադարձանք, առաջին քայլս հոսպիտալ այցելությունն էր: Վերակենդանացման բաժանմունքում ամենածանր վիճակում գտնվող տղաներին տեսնելուց անմիջապես հետո հանդիպեցինք «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բաժանմունքի վարիչին, առաջարկս ներկայացրի, մեծ սիրով համաձայնեց, մեկ-երկու օրում կամավորական թիմ հավաքեցինք եւ անցանք գործի:
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ձեւավորման փուլում արդեն միավորեցինք մեր ջանքերը, մեր կամավորական թիմն էլ գնալով ընդլայնվեց: Այս պահին արդեն 300 հոգանոց աշխատակազմ ունենք:
— Կորոնավիրուսի լարված շրջանում մի քանի ամիս Դուք տուն չեք գնացել, ապրել «Հայրենիքի պաշտպանի» տանը՝ զինվոր տղաների հետ: Ինչպե՞ս հաղթահարեցիք այդ շրջանը, ի՞նչը օգնեց, որ «Զինվորի տունը», այսինքն՝ այնտեղ բուժում ստացող մեր տղաներն ու ողջ անձնակազմը հաղթահարեն կորոնապատերազմը:
— Միայն ես չէ, մեր ամբողջ թիմն էր տղաների կողքին: Դժվար էր: Կորոնավիրուսի ահուսարսափն այդ ժամանակ շատ էր, մենք տեսնում էինք, որ այդ վիրուսը պրակտիկ, նորմալ կյանքով ապրող մարդկանց է նույնիսկ տանում, իսկ «Զինվորի տանը» մենք ունեինք շատ ծանր վիճակում գտնվողներ: Ելումուտն ու պացիենտի հետ շփումը կարող էր շատ ռիսկային լինել, որոշեցինք, որ այդ շրջանում ամենաարդարացված տարբերակը դրսի հետ հաղորդակցումը հնարավորինս նվազագույնի հասցնելն է: Սնունդը բերում էին, հատուկ պրոցեդուրաներով ախտահանում, նոր ներս մտցնում, ամբողջ աշխատակազմը տարբեր ժամկետներով մնում էր կենտրոնում: Չնայած լարվածությանն ու դժվարություններին՝ հետաքրքիր շրջան էր, նաեւ մեր հնարավորությունները հասկանալու համար, տեսնելու, թե աշխատանքային ծանրաբեռնված պրոցեսում էլ ինչ է հնարավոր անել:
Գրեթե 7 ամիս մեկուսացումից հետո դուրս եկա՝ իբրեւ թե մի քիչ մաքուր օդի, արեւ տեսնելու, սակայն դրանից մեկ շաբաթ չանցած՝ պատերազմ սկսվեց: Ինձ մոտ այդ ժամանակ զգացողություն էր, որ ամիսներով չէ, այլ տարիներով կարելի էր այնտեղ մեկուսացած մնալ, միայն թե պատերազմ չլիներ: Սակայն ունենք այն, ինչ ունենք: Որպեսզի վաղը կրկին չունենանք նման իրավիճակ, մենք հիմա պետք է պատրաստ լինենք ավելին տալու, ավելի աշխատելու:
— Որո՞նք են կինեզիստի աշխատանքի հիմնական բարդությունները: Հայտնվո՞ւմ եք հոգեբանական դժվար իրավիճակներում պացիենտների հետ աշխատելիս:
— Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դժվարություն չեմ համարում: Շատերը, որոնք առաջին անգամ են այցելում մեզ, հուզմունք, վախեր են ունենում, սակայն միջավայրն այնպիսին է, որ ամեն ինչ շատ արագ է հաղթահարվում: Ամենածանրը առաջին փուլն է, երբ մարդ, վերակենդանացման բաժանմունքում արթնանալով, բախվում է նոր իրականության, որին երբեւէ չի սպասել, գուցե ամենավատ երազում էլ չի երեւակայել. մեկի ոտքը չկա, մյուսի՝ ձեռքերը… տարբեր մասերի վիրավորումներ, շարժվելու, խոսելու ֆունկցիոնալ առումով անբավարար վիճակ: Յուրաքանչյուր անձի համար դա աշխարհի վերջն է, ու ամենադժվարը այդ կետից հետո առաջ գնալն է, իսկ մեզ համար ամենապատասխանատուն այդ պահին նրա հետ շփվելը: Սկզբնական այդ բարդ փուլը հաղթահարելուց հետո մարդն ինքն էլ է սկսում կամաց-կամաց համակերպվել եւ փորձել եղածի հաշվին իր կյանքը բերել բնականոն հունի: Տեսնում է, որ իրենից ավելի ծանր վիճակում գտնվող մարդիկ կան:
Մենք ունենք դեպքեր, երբ 2016 թվականի Ապրիլյանին բավական ծանր վիրավորում ստացած երիտասարդ տղան այժմ հաղթահարել է եւ աշխատում է կենտրոնում ու այսօր օգնում է իրենից շատ ավելի թեթեւ վիրավորում ունեցող տղաների: Այս ամենը պատահականության սկզբունքով է եղել, սակայն ինքնըստինքյան նաեւ մոտիվացիա է մյուսների համար. այդ տղային նայելով՝ նրանք հոգեբանորեն ավելի են ուժեղանում: Երբեմն տղաներն իրենց խնդիրների հետ կապված այնպիսի հումորներ են անում, որ չես կարողանում ծիծաղդ զսպել: Եվ հետաքրքիր է նաեւ, որ այդ կատակները սպեցիֆիկ են. եթե կողքից մեկ ուրիշը լսի, չի հասկանա կամ սեւ հումոր կդիտարկի:
— Մի անգամ խոսելով բժշկի աշխատանքի պատասխանատվության մասին՝ այդ ոլորտում «մեջը բան կա՞» հարցադրումն անողներին որակել էիք հասարակության մակաբույծներ, շեշտել, որ պետական մակարդակով բժշկությունը պիտի ազատվի մարմինն «առողջացնող» այդ մակաբույծներից: Այսօր այդ ազատումն իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ:
— Մեր երկրում էլ իմունային համակարգն իր ստույգ դերը պետք է ունենա. եթե օրգանիզմում իմունային համակարգը աշխատում է, կենտրոնական նյարդային համակարգի բարձրագույն օրգանին՝ գլխուղեղին, չի ենթարկվում իմունային համակարգը: Իմունային համակարգը նաեւ գլխուղեղի համար է պաշտպան: Եթե իմունային համակարգը չլինի, գլխուղեղն էլ կմահանա: Երբ որ իմունային համակարգը կա, անկախ նրանից՝ մակաբույծները շա՞տ են, քի՞չ են, բոլոր կողմերի՞ց են, թե՞ մի քանի, այն իր գործը կատարում է՝ մաքրում է տեղի ունենում: Դրա համար մեր երկրի համար առաջնային կարեւոր է իմունային համակարգը կայացնել: Ցանկացած երկրում է այդպես: Կարծում եմ՝ մենք էլ մեր երկրի իմունային համակարգը կկայացնենք, եւ ամեն ինչ լավ կլինի:
— Ասում են, որ Դուք հաճախ եք Նժդեհի մտքերը ցիտում եւ առաջնորդվում նրա գաղափարախոսություններով: Ծանր ժամանակներում Նժդեհի հատկապես ո՞ր պատգամներով եք առաջնորդվել եւ առաջնորդվում:
— Տարբեր իրավիճակներում են ինձ օգնության գալիս Նժդեհի մտքերը, խոսքերը: Եթե փորձեմ հանրագումարի բերել, ապա այս խոսքերով եմ շատ առաջնորդվում՝ «կռվիր այնպես, որ հեշտացնես քեզնից հետո նույն նպատակի համար եկողների գործը: Սա է մարտիկի բարոյական իմպերատիվը»: Այսինքն, եթե մենք մեր բաժին գործը չենք անում, այն կուտակվում է մեզնից հետո եկողի վրա: Դա բոլոր դեպքերում է այդպես՝ թե՛ կյանքում, թե՛ մարտի դաշտում, որովհետեւ կյանքն էլ է կռվի դաշտ: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր գործում պիտի այնպես անի, որ մեզնից հետո հաջորդ սերնդի համար ինչ-որ հարցերում նրանց կյանքը հեշտացվի: Եթե կյանքում կարողանանք ամեն ինչ ճիշտ կազմակերպել, ուրեմն կա՛մ կռվի դաշտի կարիքը չի լինի, կա՛մ ավելի քիչ ջանք գործադրելու կարիք կլինի: Նաեւ շատ եմ օգտագործում Նժդեհի մեկ այլ ասույթ՝ «ապրել, գործել այն բանի համար, որի համար արժե մեռնել: Մեռնել միայն այն բանի համար, որի համար արժե ապրել»:
![]()