Վանեցյանը կոչ է անում քաղաքացիներին միանալ, բայց Ազատւթյան հրապարակն արդեն 5 օրն է, ինչ դատարկ է

5-րդ օրն է՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Երևանի Ազատության հրապարակում շարունակում է նստացույցը:

Վերջինս առավոտյան լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գիշերն անցել է հանգիստ, միջադեպեր չեն արձանագրվել:

«Քաղաքական իշխանությունները, տեսնելով, որ Ազատության հրապարակում սկսած շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում, փորձում են որեւէ կերպ կասեցնել շարժման ընթացքը, բայց ես համոզված եմ, որ չեն հաջողելու։ Երբ ես եկա Ազատության հրապարակ, միայնակ էի, այսօր մենք տեսնում ենք, որ այստեղ մշտապես մարդիկ կան»,- ասել է ընդդիմադիր գործիչը:

Դիտարկմանը, որ, ըստ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի, ԱԱԾ գործող տնօրենը պետք է այցելի Վանեցյանին, քանի որ վերջինս լուրջ անվտանգային խնդիրների մասին է բարձրաձայնում, «Հայրենիք» կուսակցության ղեկավարը նշել է, որ ԱԱԾ գործող տնօրենն իր հետ կապ չի հաստատել։

Վանեցյանը ևս մեկ անգամ կոչ է արել քաղաքացիներին գնալ Ազատության հրապարակ՝ նշելով, որ պայքարը առանց կուսակցական դրոշների է, առանց առաջնորդի, այն պայքար է հանուն հայրենիքի, հանուն ապագայի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ