![]()
Օրեր առաջ՝ զատկական կիրակին դեռ չավարտված, ՀՀ ազգային անվտանգության նախկին տնօրեն, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից բոլորովին անսպասելիորեն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի ուղիղ եթերով հայտարարեց, որ մնալու է Ազատության հրապարակում, տուն չի գնալու, այսինքն՝ նստացույց է հայտարարում, և բոլորին հրավիրեց զրուցելու, երկրի խնդիրները քննարկելու:
Վանեցյանի հայտարարությունից հետո առաջիկա ժամերին կռահելը դժվար էր՝ գործողությունն իրականացնում են «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներո՞վ, թե՞ ինքը միայնակ, մինչև այն պահը, երբ նա պարզաբանեց, որ իր հայտարարած պայքարը վերկուսակցական է՝ Արցախի փրկության համար, հետևաբար ինքը «Հայրենիք» կուսակցության մի քանի անդամների հետ է սկսել այն:
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ այս օրերին նրա արած հայտարարությունների մեծ մասը քաղաքական են, անկախ նրանից, որ, իր խոսքով, պայքարը վերկուսակցական է, վերհիշենք, թե ինչպես Արթուր Վանեցյանը մտավ քաղաքականություն և ճանաչելի դարձավ հանրությանը:
Ինչպես հայտնի է, 2018 թվականի հեղափոխությունից հետո 38-ամյա Վանեցյանը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այդ ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ նշանակվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Մինչ այդ՝ շուրջ մեկուկես տասնամյակ, Վանեցյանն աշխատում էր Ազգային անվտանգության ծառայության համակարգում, ուներ գնդապետի կոչում։ Իսկ մինչ ԱԱԾ տնօրեն նշանակվելն էլ՝ զբաղեցնում էր ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը, որի ժամանակ էլ առաջին անգամ նա «նկատելի» էր դարձել «Սասնա ծռեր»-ի գործով: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Վանեցյանը ակտիվ դերակատարություն էր ունեցել «Ծռերի»՝ ՊՊԾ գնդից դուրս գալու ընթացքում։
Իսկ 2019թ․ հուլիսի 5-ին էլ ԱԱԾ նախկին տնօրեն, գնդապետ Վանեցյանին, Նիկոլ Փաշինյանի առաջարկով, Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ շնորհվեց գեներալ-մայորի կոչում։ Սրանից 71 օր անց էլ, պաշտոնավարելով շուրջ մեկ ու կես տարի, վերջինս ազատվեց պաշտոնից՝ հայտնի «կանգառի սթափեցնող քայլ» կոչով:
Նկատենք նաև, որ մինչ օրս Արթուր Վանեցյանը շարունակում է հպարտորեն կրել վարչապետ Փաշինյանից ստացած գեներալ-մայորի ուսադիրները՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինս գործող վարչապետին բնութագրում է ծայրահեղ որակումներով և մեղադրում «հայրենիքը դավաճանելու, Արցախը հանձնելու, երկիրը կործանելու համար»: Թեպետ ինքը Վանեցյանը, իր անձի հանդեպ ունեցած անսահման սիրով լցված, այդ կոչումի շնորհումը պետության կողմից՝ իր ունեցած վաստակի գնահատականն է համարում:
Ոչ վաղ անցյալում էլ՝ պատերազմից հետո, կրկին Ազատության հրապարակում Վանեցյանը հայտարարել էր, թե երբ Իջևան քաղաքում բողոքի ակցիաներ էին կազմակերպել անտառից փայտ կտրողները, Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ մարդկանց մի խումբ բողոքում է, զանգել էր իրեն և այդ ժամանակվա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին ու ասել, թե իբր ուզում է «տեսնել արյան գետեր», պահանջել, ինչպես այդ ժամանակվա ԱԱԾ տնօրենն է ներկայացնում, «սատկացնել բոլորին»: Եվ այս հայտարարությունը ոչ ավելի, ոչ պակաս, առանց որևէ հիմքի և փաստի պաշտոնանկությունից բավականին երկար ժամանակ անց անում է այդ ժամանակվա ԱԱԾ տնօրենը:
Արթուր Վանեցյանը, սակայն, միակը չէ, որը հեղափոխական իշխանության ժամանակաշրջանում ստանձնել է պաշտոն, ստացել կոչում, սակայն այսօր այնպիսի բնութագրումներ է տալիս գործող իշխանությանը, որ երբեմն անհավանական է թվում, թե ուր կարող է հասնել մարդու դիրքորոշման և դիրքավորման տատանողականությունը:
Նրա կողքին նույն վարքագծով և հռետորաբանությամբ նաև նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսպիպյանն է դիրքավորվել: Օսիպյանի՝ ՀՀ ոստիկանապետ նշանակվելու որոշումը բոլորս էլ հիշում ենք, թե որքան ոչ միանշանակ ընդունեց հանրությունը: Այնուամենայնիվ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի նախկին 48-ամյա տեղակալին տրվեց այդ հնարավորությունը, սրանից զատ՝ պաշտոնավարելուց որոշ ժամանակ անց էլ վարչապետի առաջարկությամբ, ՀՀ նախագահի հրամանագրով՝ Օսիպյանին ևս շնորհվեց գեներալ-մայորի կոչում, որը նույնպես մինչ օրս հպարտորեն կրում է այն:
Նկատենք, սակայն, որ այս օրերին Օսիպյանը Ազատության հրապարակում հայտարարում է, թե լավ գիտենք՝ «ինչպես է այս իշխանությունը եկել իշխանության»: Վալերի Օսիպյանի այս հայտարարության լավագույն գնահատականը թերևս կարելի է տեսնել սոցիալական ցանցերում՝ հանրության արձագանքում:
Ինչևէ: Ակնհայտ է մի բան, որ և՛ Արթուր Վանեցյանը, և՛ Վալերիյ Օսիպյանը այսօր չեն ուզում կամ չեն կարողանում գիտակցել այն, որ իրենք հանրության համար ընդամենը հեղափոխությունից հետո վարչապետի նշանակած և ազատած մարդիկ են և ոչ ավելին, մնացածը պատրանք է: Իսկ մի գուցե նրանք դեռ շարունակում են մնալ 2018 թվականի ոլորապտույտի մե՞ջ, և հենց դրա համար է, որ Վանեցյանը հայտարարում, թե «իրեն կրկին սիրում են»:
![]()