![]()
«Կարող ենք մենք մեզ շարունակել խաբել, տիկին Սեյրանյան, բայց ՄԽ համանախագահող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է, որ միջազգային հանրությունը միջազգային իրավունքի համատեքստում կարծում է, որ դա Ադրբեջանի տարածք է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը և հավելեց, որ եթե Վլադիմիր Պուտինն ասած լինի, որ Արցախն անկախ է կամ Հայաստանի մաս է, կամ Արցախի այդ շրջանները Արցախի մաս են, «ես մեծ պլակատ կպատրաստեմ և կփակցնեմ մեր պատշգամբի պատից»:
Մարուքյանի խոսքով՝ մինչպատերազմյան և հետպատերազմյան իրողություններն անհամեմատելի են. «Եթե չեք գիտակցում, որ դրանք անհամեմատելի են, ուրեմն այդպես էլ չեք հասկացել, թե ինչ է եղել»:
Իսկ ինչ վերաբերում է Արցախի անկախության ճանաչմանը, Մարուքյանը հարց տվեց տիկին Սեյրանյանին՝ իսկ ինչո՞ւ չէին ճանաչում նախկին իշխանությունները: «Իմ տեղեկություններով՝ Ապրիլյան պատերազմը կանգնեցվել է Մոսկվայում մեր կողմի խնդրանքով, և եղել է պայմանավորվածություն, որ մենք կգնանք խաղաղ հանգուցալուծման, ինչը նշանակում է շրջանների հանձնում»,- ասաց Էդմոն Մարուքյանը և հավելեց՝ դե թող Խաչատուրովն ասեր, որ Ադրբեջանն է ուզել պատերազմը կանգնեցնել:
«Ես ասել եմ, որ ընդդիմությունը սխալ հարցում է վարչապետին մեղադրում, նրանք պետք է վերաորակեն նրա մեղադրանքը: Նրանք պետք է ասեին՝ եղբայր, ինչու չգնացիր խաղաղ հանգուցալուծման: Այդ մեղադրանքը որոշակի լեգիտիմություն ունի, բայց իրենք սկսեցին ասել «հողատու», «հողեր հանձնող»: Նախկին իշխանությունը Փաշինյանին հանձնելիս լավ գիտեր, թե ինչ բանակցային փաթեթ է նրան ժառանգել, և անգիր գիտեր, որ այդ բանակցային փաթեթը երկու ճանապարհ ունի՝ կամ գնում ես խաղաղ հանգուցալուծման և հողերը հանձնում ես, կամ պատերազմ է լինելու: Այդքանը իմանալով՝ սկսում են շրջանառության մեջ դնել, որ «սրանք եկել են հողերը հանձնելու»:
Մենք բոլորս՝ ես, դու, բոլորս, մեղավոր ենք, որ համաձայն չենք եղել զիջումների»,- 44-օրյա պատերազմի առնչությամբ ընդգծեց Էդմոն Մարուքյանը:
![]()