Զելենսկին հերքել է ՌԴ-ից կարգավորման փաստաթղթի նախագիծ ստանալու Պեսկովի հայտարարությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան խաղաղ բանակցությունների շրջանակում Ռուսաստանից չի ստացել փաստաթղթերի փաթեթ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցին:

«Ոչինչ չեմ լսել այդ մասին: Վստահաբար ոչինչ չեմ տեսել: Վստահ եմ՝ մեզ ոչինչ չեն փոխանցել:

Ես խաղաղ ժամանակ ֆուտբոլ վատ չէի խաղում: Կանոնները հետևյալն են. անհրաժեշտ են երկու թիմ և մեկ գնդակ:

Այստեղ, ինձ թվում է, որ նա՝ պարոն Պեսկովը, ինքն իր հետ է ֆուտբոլ խաղում: Նման բաների հետ խաղ չեն անում: Այս ամենին պետք է լրջորեն մոտենալ:

Այդ իսկ պատճառով, երբ մեզ իսկապես գնդակը տան, մենք անպայման ցույց կտանք, թե ինչպես են հարվածում դարպասներին»,- հայտարարել է Զելենսկին։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ապրիլի 20-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը բանակցային գործընթացի շրջանակում Ուկրաինային է փոխանցել փաստաթղթի նախագիծ՝ հստակ ձևակերպումներով: Նա հայտարարել է, թե այս պահին «գնդակը Կիևի դաշտում է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ