![]()
Այսուհետև ուսանողները կարող են միավորներ ստանալ նաև դասերին մասնակցության համար: Սա սահմանում է Մայր բուհում ընդունված բազմագործոն գնահատման նոր համակարգը:
Երևանի պետական համալսարանի ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչ Արմեն Սարգսյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանում է՝ մասնակցության համար ուսանողին միավոր հատկացնելու հարցը որոշելու է տվյալ առարկայի դասախոսը: Այսինքն՝ սա ընտրովի բաղադրիչ է դասախոսի կողմից, երբ նա կարող է որոշել ուսանողին միավոր տալ դասընթացին մասնակցելու համար՝ դրա հետ մեկտեղ հաշվի առնելով ուսանողի ակտիվությունը դասընթացին:
«Ուսանողին դասընթացի մասնակցության համար միավոր տալը բազմագործոն գնահատման համակարգի բաղադրիչներից է: Սա նաև հնարավորություն է տալիս դասախոսին իր դասընթացը կազմակերպելու ժամանակ լինել ազատ, այսինքն՝ դասախոսն է որոշելու ինչպես անցկացնել իր դասը: Նա հնարավորություն կունենա որոշելու՝ դասի շրջանակներում հաշվի առնի ուսանողի ներկայությո՞ւնը, դասին ակտիվ լինե՞լը, թե՞ միայն դրանցից մեկը»,- մանրամասնում է Սարգսյանը:
Նոր կարգով այսինքն վերջ է դրվում ուսանողների շրջանում առկա այն սովորությանը, երբ նրանք դասերին չի հաճախում կամ հաճախում են ոչ կանոնավոր, սակայն ներկայանում են տվյալ առարկայի քննություններին և ստանում գնահատական: Դասերին ներկա լինելու և ակտիվության համար ուսանողին գնահատելու միավորը 0-3 է լինելու: 3 միավոր, օրինակ, ուսանողը կստանա դասապրոցեսին 95 տոկոս ներկայություն ապահովելու դեպքում:
Նոր կարգը գործելու է 2022-2023 թվականին առաջին ընդունվողների և դրանից հետո ընդունված ուսանողների համար: Ընդ որում՝ ուսումնական տարվա հենց առաջին օրվանից դասախոսը պետք է նախապես որոշի՝ իր դասընթացին ներկայության կամ ակտիվության համար միավոր տալի՞ս է ուսանողին, թե՞ ոչ: Եթե որոշում է, որ իր դասը անցկացնելու է նոր կարգի համաձայն, ապա այն ուսանողները, որոնք կապահովեն տվյալ դասախոսի մոտ դասերի ներկայություն կամ ակտիվություն, բոլորը կստանան անհրաժեշտ միավորները: Եթե որոշում է, որ իր դասընթացի ժամանակ չի կիրառելու այս կարգը, ապա որևէ ուսանող արտոնություն չի ունենալու և որևէ միավոր չի ստանալու:
Ուսանողը միավոր կարող է ստանալ 71 տոկոս և ավելի հաճախելիության դեպքում: Եթե այդ հաճախելիությունը ցածր է լինում, նա միավոր չի ստանա: Միավորներ ստացած սովորողի ստացած միավորները կգումարվեն իր միջանկյալների և քննությունների գնահատականներին:
Նմանատիպ կարգ հիմա էլ գործում է Մայր բուհում ներկայիս ուսանողների համար, սակայն Սարգսյանը շեշտում է՝ գործող կարգի հետ համեմատած նոր կարգում շատ բան է փոխվել. «Փոխվել են մոտեցումը, գնահատման կարգը, այստեղ որոշողը դասախոսն է լինելու: Հին կարգը կոչվում է «Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ», իսկ նոր կարգը՝ «Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ»:
Սակայն այս կարգից բացի՝ ուսանողների համար նաև գնահատականի դրական շեմն է փոխվել: Եթե նախկինում քննության կամ միջանկյալի ժամանակ ուսանողը ստանում էր 8 միավոր, ապա հիմա այդ 8-9 միավորները համարվելու են անբավարար, սակայն սա չի վերաբերվում միասնական քննությունների ժամանակ բուհ ընդունվելու համար բավարար համարվող 8 միավորին: Դրական գնահատականը սահմանվել է 10-ը: «Սա նույնպես գործելու է սեպտեմբերից: Եթե ուզում ես բուհը որակյալ կրթություն ապահովի ու լավագույն սանդղակներում գտնվի, դու պետք է գնաս կրթական նման փոփոխությունների»,- հավելում է ԵՊՀ ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչը:
Ըստ նրա՝ ուսանողների բացակայությունը դասապրոցեսներին հատկապես շատ էր քովիդի սահմանափակումների վերացումից հետո, երբ նրանք պարզապես չէին հաճախում դասի՝ քովիդը օգտագործելով որպես առիթ: Հիմա էլ ուսանողների բացակայությունը թերևս չափից շատ չէ, սակայն նոր կարգը կխթանի բուհ հաճախելուն և դասերին մասնակցությանը:
Այս համակարգը կիրառվում է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանում և Եվրոպայի բուհերում: ԵՊՀ-ում այն ընդունվել է գիտխորհրդի անդամների քննարկման արդյունքում:
![]()