![]()
«Հայաստան» դաշինքը այսօր տարածած իր հայտարարությամբ «գուժել» է «իշխանությունների կողմից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խորհրդարանական լսումներին ապօրինաբար խոչընդոտելու վերաբերյալ»։ «Գույժի» տեքստում մասնավորապես նշված է. «Օրվա քաղաքական իշխանությունը, հերթական անգամ խախտելով Սահմանադությունն ու օրենքները, մինչև ապրիլի 24-ը հրաժարվում է Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը և ուղիղ հեռարձակում ապահովել՝ ներկայացնելով անհիմն տեխնիկական պատճառաբանություն: Ազգային ժողովի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարության նախագծին նվիրված խորհրդարանական լսումները նախատեսված էր անցկացնել ապրիլի 21-ին: Լսումների նպատակն էր լայն հանրությանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պետք է ուղեցույց դառնան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելիս:
Իշխանությունների նախաձեռնած՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայիս ընթացքը, դրանից բխող սպառնալիքների չգիտակցումը և դրսևորած այս ապօրինի վարքագիծը վկայում են, որ նրանք ուղղակի կամ անուղղակի գնում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու ճանապարհով։ Մենք վճռական ենք և հետևողական Հայ ժողովրդի լինելության հիմքում գտնվող այս հարցը հետապնդելու գործում: Խորհրդարանական լսումների անցկացումը մնում է մեր օրակարգում, կկայանա առաջիկայում, որի մասին հավելյալ կտեղեկացնենք»:
Civic.am-ը պարզեց լսումների մերժման պատճառը։ ԱԺ-ից մեզ փոխանցեցին, որ 2022 թվականի ապրիլի 21-23-ը Ստեփանավանում տեղի է ունենալու Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը, և ԱԺ-ի տեխնիկական անձնակազմը, որն ապահովում է ԱԺ նիստերի ուղիղ հեռարձակումը, այդ օրը գտնվելու է Ստեփանավանում։ Պարզեցինք նաև, որ նախապես թույլ է տրվել լսումների անցկացումը, սակայն հետո մերժվել է՝ վերոհիշյալ տեխնիկական հանգամանքը հաշվի առնելով։ Սա նշանակում է, որ լսումների մերժման մասին «Հայաստան» խմբակցության հայտարարությունը, մեղմ ասած, չափազանցություն է, քանի որ մերժվել է խմբակցության կողմից նախանշված օրը լսումների անցկացումը, ինչից չի հետևում, որ լսումներն ընդհանրապես արգելվել են։ Անգամ տեխնիկական հարցերում քաղաքական ենթատեքստ փնտրող խմբակցությունն, ի դեպ, իր հայտարարության վերջին նախադասության մեջ նշում է, որ լսումները տեղի կունենան, սակայն՝ առաջիկայում։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ՝ մարտի 21-ին, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն էր նախաձեռնել խորհրդարանական լսումներ՝ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որն անցավ ԱԺ նիստերի դահլիճում, տեխնիկական բարձր որակի ապահովմամբ, առանց «դավադրական» խոչընդոտների։
![]()