Այժմ Հայաստանն ունի առավել ժողովրդավար երկրի ցուցանիշ. Freedom House

Հայաստանն առաջընթաց է գրանցել ժողովրդավարության մի քանի ոլորտում։ Այս մասին ասված է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակած Nations in Transit 2022 տարեկան զեկույցում։ Անդրադառնալով Եվրոպայի և Ասիայի 29 երկրներին, այդ թվում՝ Հայաստանին՝ ներկայացրել է տարվա կտրվածքով ժողովրդավարության հետ կապված իրավիճակը:

Հայաստանը, ըստ զեկույցի, ընդհանուր ցուցանիշով առաջընթաց է գրանցել՝ հնարավոր առավելագույն 7 միավորից: Այժմ Հայաստանն ունի առավել ժողովրդավար երկրի ցուցանիշ՝ ստանալով 3.04 միավոր՝ նախորդ տարվա 2.96 միավորի փոխարեն: Հայաստանն առաջընթաց է գրանցել մի քանի ոլորտում միաժամանակ՝ ներառյալ ժողովրդավարական կառավարման, ընտրական գործընթացի և դատաիրավական համակարգի զարգացման ու անկախության ոլորտները: Միևնույն ժամանակ, մեր երկիրը նահանջել է անկախ մամուլի ցուցանիշում: Տոկոսային ցուցանիշով ՀՀ ժողովրդավարության զարգացման մակարդակը, ըստ զեկույցի, կազմում է 34%, Հայաստանն այս տարի հիբրիդային երկրների թվին է դասվել:

Ըստ Freedom House-ի՝ այն երկրները, որոնք անցում են կատարել հիբրիդայինի, առավել խոստումնալից են, թեև ամբողջապես «դեռևս չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»: Հատկանշական է, որ Հայաստանը, Մոլդովայի հետ միասին դասվել է այն երկրների թվին, որտեղ խորհրդարանում միայն մեկ կուսակցություն է գերակշռող։ Շեշտվել է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության խմբերը կարողացել են կանխել իշխող կուսակցության առաջ քաշած մի օրինագիծ, որի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կհայտնվեր իշխանական վերահսկողության ներքո։

Հայաստանն, ըստ զեկույցի, հետխորհրդային երկրներից զիջում է միայն Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային՝ իր հետևում թողնելով Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Բելառուսը, Ռուսաստանն ու Ադրբեջանը: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան երկրորդ պատերազմին. նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում ՀՀ զինված ուժերի դեմ սկսած Ադրբեջանի զինված հարձակման հետևանքով հազարավոր մարդիկ սպանվել կամ տեղահանվել են։

Ըստ զեկույցի՝ հակամարտությունը, որը լրջորեն ապակայունացրել է տարածաշրջանի անվտանգության համակարգը, հանգեցրել է տարածքային ձեռքբերումների ի օգուտ Բաքվի, ամրապնդել է Ալիևի քաղաքական դիրքերը և առիթ ստեղծել ազատ խոսքի ու ազատությունների հետագա բռնաճնշման համար: Freedom House-ը նշել է, որ «Ալիևի՝ ռազմական ագրեսիայի օգտագործմամբ ակնհայտ հաջողությունը իր իշխանությունն ամրապնդելու հարցում կարող է նպաստած լինել Վլադիմիր Պուտինի՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսելու մասին որոշմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ