![]()
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցին:
«Զրուցեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ շարունակելու Բրյուսելում մեր վերջին քննարկումները: Լիովին աջակցում եմ նրա և խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկասի առաջմղմանն ուղղված բոլոր ջանքերին»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Միշելը:
Հիշեցնենք ՝ երեկ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին:
Փաշինյանը եւ Միշելը քննարկել են նաեւ ԵՄ-ի Արեւելյան գործընկերության տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ դոլար հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ իրագործման կարեւորությունը:
Շառլ Միշելը վերահաստատել է Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը եւ ընդգծել ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարեւորությունը:
![]()