Այս տարի Զատիկին ձուն չթանկացավ, սակայն որակի խախտումներ եղան. 4 տնտեսավարող կտուգանվի 50-300 հազար դրամի չափով

Օրերս սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ վերահսկողություն է իրականացվել ձվի 10, այդ թվում՝ բոլոր խոշոր արտադրողների մոտ: Մի քանի տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է չմակնշված ձվի խմբաքանակ, որի իրացման նկատմամբ սահմանվել է հսկողություն:

Իրացման ցանցում հայտնաբերվել է նաեւ պիտանիության ժամկետն անցած հավի ձու, որի համար տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, կայացվել է վարչական տուգանք նշանակելու մասին որոշում:

«Հայկական ժամանակ»-ը տեսչական մարմնից հետաքրքրվեց, թե մասնավորապես քանի՞ ընկերության նկատմամբ է կիրառվել տուգանք եւ որքա՞ն է կազմում գումարի չափը:

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ վարչական տուգանքի որոշում է կայացվել 4 տնտեսավարողի նկատմամբ:

Ինչ վերաբերում է տուգանքի չափին, Անուշ Հարությունյանը նշեց՝ տեսչության տուգանքի չափը սկսվում է 50 հազար դրամից՝ հասնելով առավելագույնը 300 հազար դրամի: «Տարբեր տնտեսավարողներ այս սեգմենտում կտուգանվեն տարբեր չափերով»,- հայտնեց ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ժամկետանց ձվի ի՞նչ խմբաքանակի մասին է խոսքը, արդյոք այդ թիվը մե՞ծ է, Հարությունյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով. «Ամենայն հավանականությամբ անուշադրության պատճառով է եղել, որովհետեւ ամեն մի խանութում հայտնաբերվել Է մեկ, երկու, առավելագույնը՝ երեք տուփ ձու»:

Իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետը նաեւ նշեց՝ երկու արտադրողի մոտ հայտնաբերվել է «Բ» դասի թռչնի ձու, որը թույլատրվում է իրացնել միայն արտադրական նպատակներով: Տվյալ խմբաքանակները վաճառվել են արտադրող կազմակերպություններին՝ այդ մասին ծանուցելով տեսչական մարմնին:

Ըստ Անուշ Հարությունյանի՝ որպես կանոն՝ փոքր խանութներում խախտումներ ավելի շատ են հայտնաբերվում. «Մեծ խանութները մեծ շրջանառություն ունեն, եւ իրենց մոտ ձուն չի էլ մնում, այն արագ իրացվում է, եւ խնդիր չի առաջանում: Ամեն դեպքում, փոքր խանութների պարագայում էլ այս խնդիրն այնքան շատ չէ, որ անհանգստացնող լինի: Ամեն անգամ, երբ մենք ուսումնասիրություններ ենք իրականացնում, այնպիսի ծավալ չի լինում, որ մտահոգություն առաջացնի: Փոքր խանութներն էլ վաղուց արդեն գտել են ճիշտ ձեւը՝ քիչ քանակությամբ են ստանում, որպեսզի արագ սպառեն»:

Նախորդ՝ 2021 թվականին՝ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, շուկայում ձվի իրացման գները բարձրացել էին, նկատում է Հարությունյանը, աղմուկ էր բարձրացել, թե իբր դեֆիցիտ կա: Վերջինիս խոսքով՝ իրականում երբեք էլ դեֆիցիտ չի եղել:

«Անվտանգության տեսանկյունից պատկերը գրեթե նույնն է: Այն ժամանակ էլ որոշակի խախտումներ հայտնաբերվեցին, վերացվին դրանք, եւ սպառողին հասցվեց նորմալ որակի ու քանակի ձու: Գները այն ժամանակ բարձր էին, իսկ այս տարի տեսչականը շուտ սկսեց իր գործողությունները, որպեսզի մինչեւ վերջ հասկանալի լինի, թե ինչ քանակության ձու կմտնի շուկա, եւ արդյոք դա գնային քաղաքականության վրա կազդի՞: Այս տարի նույնիսկ մի թեթեւ գնային նվազում է եղել»,- ասաց նա:

Նշենք, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն էր իրականացրել հետեւյալ ընկերություններում՝ «Լուսակերտ Էլիտ» ՍՊԸ, «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ («Շիրակի ձու» ապրանքանիշ), «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Աշտարակ ձու» ՍՊԸ, «Մյաս» ՍՊԸ («Ձու սննդային» ՏՊ), «Գնթունիք» ՍՊԸ, անհատ ձեռնարկատեր Ջանիկ Գյորգյան, «Գնդեվազ-Ֆարմ» ՍՊԸ, «Սանփաուեր» ՍՊԸ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ