![]()
Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում փոփոխության որեւէ նշույլ չկա:
Այս մասին այսօր ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ի՞նչ փոփոխություն կարող է լինել այն պարագայում, երբ այս օրերին իրականացվում է Հայաստան-Թուրքիայի երկխոսություն:
«Ես չեմ տեսնում ճնշումներ, թե, իբր, մի կողմ դնենք, չբարդացնենք: Նման բաներ թանգարանի նկատմամբ չկան: Անձամբ ես թե՛ որպես հետազոտող, թե՛ որպես թանգարանի տնօրեն չունեմ նման մտավախություն: Հայոց ցեղասպանության հիշողությունը մեր ինքնության հենասյուներից է: Այդ հարցի հետ կապված որեւէ փոփոխության նշույլ չկա: Քաղաքագիտական հանրությունը շատ բան կարող է ասել ու անել: Նրանք իրենց գործն են անում, ես հարգանքով եմ վերաբերվում: Ես կարող եմ ասել, որ մեր գործում որեւէ փոփոխություն չկա»,- վստահեցրեց թանգարանի տնօրենը:
Մարությանը նաեւ հավելեց՝ թանգարան-ինստիտուտը գիտության կոմիտե է ներկայացրել Հայոց ցեղասպանության զոհերի եւ վերապրողների փաստագրման ուսումնասիրության ու թվանշային շտեմարան ստեղծելու մեծ ծրագիր:
«Պետական պատվեր ձևակերպելու համար շատ կարևոր է, որ պետական հաստատությունները հավանության արժանացնեն: Նման հավանություն ստացվել է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակից: Հետազոտության մասին վերջնական որոշումը կկայացվի այս տարվա աշնանը»,- հայտնեց նա:
Հարություն Մարությանը նաև հիշեցրեց, որ վերջերս կազմակերպել էին ցուցադրություն «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով: Ներկայցված են եղել շուրջ 3 տասնյակ վերապրածների ընտանիքների պատմություններ:
![]()