Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի անձնակազմից:

Վարչապետը կարևորել է ԱՄՆ դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության, և ողջունել Էնդրյու Շոֆերի այցը, ինչը հնարավորություն կտա՝ քննարկելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները:

Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործում։

Անդրադարձ է կատարվել հումանիտար խնդիրներին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու հնարավորությանը: Այս առումով ՀՀ վարչապետը շեշտել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ հանդիպել էին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը, որտեղ մտքեր են փոխանակվել խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների վերաբերյալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ