Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից․ հայտնի է պատճառը

Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից: Մեզ հայտնեցին, որ Մկրտչյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Հիշեցնենք՝Կենդանաբանական այգու աշխատակիցները փետրվարի 24-ին բողոքի ակցիա էին իրականացրել Երևանի քաղաքապետարանի մոտ՝ այգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց դժգոհությունը հայտնելով:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ն անդրադարձել էր այգու խառն իրադրությանը է: Նշել էինք, որ ժամանակ առ ժամանակ այստեղ խռովություններ են առաջանում: Այգին կենդանասերների ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվում անցանկալի իրադարձությունների պատճառով. կենդանիների հանկարծակի անկումներ, ենթադրյալ թունավորման դեպքեր եւ այլն, ինչի համար էլ հաճախ բողոքի ակցիաներ են իրականացվում, որոնց մասնակցում են Այգու նախկին աշխատակիցներից:

Հիշեցնենք՝ Արեւիկ Մկրտչյանը այգու տնօրենի պաշտոնակատարն էր նշանակվել օգոստոսի 5-ից: Նա փոխարինում էր մեկ այլ ԺՊ-ի՝ Վլադիմիր Սիմոնյանին: Սիմոնյանին էլ Երեւանի քաղաքապետարանը 2019 թվականի նոյեմբերից էր նշանակել ԺՊ: Վերջինս մոտ 3 տարի ղեկավարելով կառույցն այդպես էլ տնօրեն չդարձավ եւ ազատվեց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ