![]()
Մարտի 24-25-ի իրադարձությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները գտնվել են Ռուսաստանի Դաշնության պատասխանատվության գոտում:
Այսօր այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվում է արցախահայության՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելու քաղաքականություն, և տեղի ունեցողը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման հերթական դրսևորում է, որին ականատես ենք լինում հակամարտության մեկնարկից ի վեր:
«Եռակողմ հայտարարության արդյունքում տվյալ տարածքում ՌԴ-ն հանդիսանում է հայ բնակչության երաշխավոր: Օբյեկտիվ հարցեր են առաջանում, թե ինչու ռուսական կողմը չի արդարացնում հայ հասարակության և պաշտոնական շրջանակների ակնկալիքները: Մինչև այս պահը ռուսական կողմից որևէ պաշտոնական դիրքորոշում չկա ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում կլինի: Ցանկալի է, որ այդ դիրքորոշումից և իրավիճակի գործնական լուծումից հետո ադրբեջանական զինված ուժերը վերադառնան այն ելակետերը, որտեղից սկսվել է այս գործընթացը: Հարցը հետևյալն է՝ արդյոք ռուսական կողմը պահանջո՞ւմ է ադրբեջանական կողմից վերադառնալ ելման կետեր, թե՞ ոչ, ըստ էության՝ սա ամենակարևոր հարցն է»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում է հայտնվել Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, և այդ առաջխաղացման հետևանքով ադրբեջանական զինված ուժերը զբաղեցրել են մի շարք դիրքեր:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետև, փաստացի, այս առաջխաղացման հետևանքով ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում: Սա, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթի, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, հետևաբար, մեր ակնկալիքն է ստանալ հստակ պատասխաններ, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել սա։ Մենք ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետներում այս խնդիրը կվերացվի, ու Ադրբեջանը կվերադառնա ելման դիրքեր, որտեղից առաջխաղացումը տեղի է ունեցել»,- հայտարարեց Աղաջանյանը։
Նա ասաց, որ ադրբեջանական զինված ուժերը զբաղեցրել են մի շարք դիրքեր։ «Ինչքանով տեղյակ եմ, Քարագլխի մասին է խոսքը»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:
![]()