Որոշ գործարարներ հետաքրքրվել են, թե Հայաստանում բիզնես գրանցելու կամ տեղափոխելու համար ինչ ընթացակարգ է գործում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

Պարոն Թունյան, ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, որ կրկին ուշացնում է հակաճգնաժամային որևէ ծրագրի ներկայացում։ Մյուս կողմից, ԿԲ նախագահն ասում է, որ շատ նախնական հաշվարկներով՝ տրանսֆերտները կկրճատվեն 20 տոկոսով։ Ի՞նչ է սպասվում Հայաստանին այս առումով։

Շատ նորմալ է, որ ընդդիմությունը պետք է մեղադրի ու քննադատի իշխանությանը, բաց ուզում եմ նշել, որ եթե մեղադրանքն այն է, որ հակաճգնաժամային որևէ ծրագիր չի ներկայացվում, դա ամենևին չի նշանակում, որ կառավարությունում չեն մտածում հնարավոր ռիսկերի և արդեն իսկ առկա ազդեցությունների մասին և ըստ անհրաժեշտության գործողություններ ու տարբեր սցենարներ չեն մշակվում: Այն, որ ձեր հարցում հիշատակում եք Կենտրոնական բանկի նախագահի խոսքը, դա արդեն նշանակում է, որ ցանկացած հակաճգնաժամային միջոցառում իրականացնելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե ինչ ռիսկեր ու վտանգներ ունենք: Այսինքն աշխատանք միանշանակ կատարվում է, ուղղակի միգուցե դրա մասին ինֆորմացիան մեր ընդդիմությանն այդքան էլ չի բավարարում:

Տրանսֆերտների կրճատումը եթե 20 տոկոսի սահմաններում լինի, բնականաբար, ազդելու է մեր գնողունակ պահանջարկի վրա, այսինքն մոտավորապես խոսքը 200-250 մլն դոլարի մասին է, այդքանով քիչ գումար կգա Հայաստան, ու քանի որ այդ գումարը հիմնականում ողղվում է սպառմանը, այդքանով քիչ գումար կուղղվի սպառմանը, ինչը բնականաբար, բացասական ազդեցություն կունենա նաև տնտեսության վրա: Բայց մյուս կողմից այլ հոսքեր նույնպես այս ընթացքում գալիս են Հայաստան՝ պայմանավորված նույն այս ճգնաժամային իրավիճակով: Թե որքանով դրանք իրար համարժեք կլինեն, չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում դրամական փոխանցումների ներհոսքի նվազումը այն հիմնական բացասական ազդեցություններից մեկն է, որի մասին ի սկզբանե խոսվել է:

Կենտրոնական բանկը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այս անգամ արդեն 1,25 տոկոսային կետով և այն սահմանվեց 9.25 տոկոս։ Այս առումով մարտահրավերներ կամ վտանգներ չեք տեսնո՞ւմ:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի 1.25 տոկոսով բարձրացումը ԿԲ-ի կողմից համարժեք քայլ է գնաճի զսպման ուղղությամբ: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի ցանկացած բարձրացումն ինքը նպատակ ունի մի կողմից զսպել գնաճը, մյուս կողմից դա բացասական կամ զսպող ազդեցություն է ունենում տնտեսական աճի վրա: Բայց պետք է հասկանալ, որ եթե մեզ մոտ գների կայունություն չլինի, ու սկսվի, ասենք, գների բավականին բարձր մակարդակի փուլ, դա կարող է ավելի բացասական ազդեցություն ունենալ: Այսինքն Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխելիս առաջնորդվում է ոչ միայն իր սահմանադրական գործառույթով՝ զբաղվել գների և ֆինանսական կայունության ախպահովմամբ, այլև դա համադրում է Հայաստանի ընդհանուր մարտահրավերների ու տնտեսական զարգացման պլանների հետ և կայացնում բավականին բալանսավորված որոշում: Այսինքն ընտրվում է այն չափը, որն այս պահին թույլատրելի է և մաքսիմալ տանելի բացասական ազդեցություն է ունենում տնտեսության վրա:

Պարոն Թունյան, գնաճի նոր ալիքը ինչպե՞ս պետք է զսպվի։ Ի՞նչ գործիքակազմ է անհրաժեշտ։

Այդ գործիքներից մեկը հենց վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, որն անմիջապես չի ազդում և որոշակի կողմնակի ազդեցություն ունի: Մյուսը կարևոր ֆունկցիա ունի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, և դա ավելի շատ ոչ թե գները զսպելու մեխանիզմ է, այլ գների չհիմնավորված բարձրացումները կանխելու և բարձրացնելու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար նախատեսված գործիքակազմ է: Իսկ երրորդ և այս պահին երևի ամենաակտուալ պայմանական գործիքակազմը խուճապային տրամադրությունների հաղթահարումն է, որովհետև խուճապն է շատ հաճախ բերում տարբեր ապրանքների գների աճի:

Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ինչպիսի՞ հնարավոր աշխուժություն է սպասվում Հայաստանի ներդրումային դաշտում և որքանով մենք կարող ենք այս իրավիճակից օգուտ քաղել: ՌԴ-ում գործող շատ հայ գործարարներ նշում են, որ մտադրություն չունեն տեղափոխվել Հայաստան:

Ընդհանրապես այս ճգնաժամի արդյունքում հնարավորությունների, օգուտների մասին կգերադասեմ մի քիչ զգուշավոր խոսել և լավ կլինի, եթե մենք կենտրոնանանք ռիսկերի չեզոքացման վրա: Եթե հնարավորություններ լինեն, դրանք կիրագործվեն: Այո, որոշակի ակտիվություն կա, և դա անզեն աչքով էլ է երևում: Երևանի փողոցներում մարդկանց ակտիվությունից անգամ կարելի է դրա մասին կարծիք կազմել: Երբ վիճակագրական կոմիտեն կհրապարակի նաև մարտ ամսվա ցուցանիշները, օրինակ նոր գրանցված բիզնեսների մասով, կարծում եմ՝ որոշ եզրակացություններ հնարավոր կլինի անել:

Ինչ վերաբերում է նրան, որ մեր հայրենակիցները չեն ցանկանում Հայաստան տեղափոխվել, որևէ մեկը նման կոչով կամ խորհրդով հանդես էլ չի գալիս, բիզնեսմեններն իրենք են որոշում: Կլինեն մարդիկ, որոնք չեն ցանկանա տեղափոխվել, կլինեն մարդիկ, որոնք կցանկանան տեղափոխվել, կլինեն մարդիկ, որոնք կցանկանան այլ երկիր գնալ: Դա շատ նորմալ է, ես ինքս ունեմ մի շարք օրինակներ, երբ ինձ դիմել են ու հետաքրքրվել են, թե Հայաստանում բիզնես գրանցելու կամ տեղափոխելու համար ինչ ընթացակարգ է գործում, ինչ հարկային օրենսդրություն ունենք: Այսինքն հետաքրքրությունն ամեն դեպքում կա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ