![]()
Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը։ Ռուսաստանի ղեկավարը միաժամանակ նախանշել է հնարավոր պայմանավորվածությունների մշակման հիմնարար մոտեցումները:
Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների ընթացքում ստեղծված իրավիճակը։ Այս համատեքստում նախանշվել են ռուսական կողմի սկզբունքային մոտեցումները հնարավոր պայմանավորվածությունների մշակման վերաբերյալ»,-ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ շարունակվել է մտքերի փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ «Արձագանքելով Էմանուել Մակրոնի արտահայտած մտահոգություններին, ՌԴ նախագահը կրկնել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում ՌԴ զինված ուժերն անում են հնարավոր ամեն բան՝ փրկելու խաղաղ բնակիչների կյանքը, այդ թվում՝ կազմակերպելով հումանիտար միջանցքներ նրանց անվտանգ տարհանման համար»,-նշում է աղբյուրը:
«Միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրվել ուկրաինական անվտանգության ուժերի և ազգայնականների կողմից ամեն օր իրականացվող բազմաթիվ ռազմական հանցագործությունների վրա, մասնավորապես՝ Դոնբասի զանգվածային հրթիռակոծման և հրետանային գնդակոծությունների վրա»,- հավելել է Կրեմլը։
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են կապի մեջ մնալ։
![]()