![]()
Այսօր Երեւանի ավագանու նիստում ընդունվեց 2022 թվականի լրամշակված բյուջեի նախագիծը, որով հաստատվեցին հավելյալ մի քանի կարեւոր ծախսային ծրագրեր: Նախագիծը ներկայացրեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը՝ նշելով դրանք:
Երեւանի քաղաքապետարանի առաջիկա անելիքներն ու ծրագրերը ներկայացնում ենք ստորև.
Կներկրվեն 100 հատ 12 մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուսներ, որոնք ձեռք կբերվեն ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ: Կտեղադրվեն 426 նոր վերելակներ՝ նախորդ տարվա 54-ի համեմատ, որի համար քաղաքային բյուջեից կհատկացվի շուրջ 3.2 մլրդ դրամ: Ձեռք կբերվեն 10 նոր ժամանակակից տրոլեյբուսներ շուրջ 2 մլրդ դրամով: Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտու կառուցման նպատակով կհատկացվի 190 մլն դրամ, ինչպես նաև կկատարվեն տարածքի մաքրման աշխատանքներ:
Կկառուցվեն 20 նոր մինի ֆուտբոլային խաղադաշտեր, որոնց համար համայնքային բյուջեից կհատկացվի հավելյալ 140 մլն դրամ:
Կկառուցվեն 2 թենիսի կորտեր Շենգավիթ վարչական շրջանում, որի համար համայնքային բյուջեից կհատկացվի 61 մլն դրամ: Կբարեկարգվի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աբովյան պուրակը, որի համար համայնքային բյուջեից կհատկացվի շուրջ 157 մլն դրամ:
Կհիմնանորոգվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի այգին, կվերագործարկվեն շատրվանները: Կարդիականացվի Աշտարակի խճուղու լուսավորությունը շուրջ 350 մլն դրամով: Կտեղադրվեն լրացուցիչ 28 հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցեր:
![]()