![]()
Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները բացասական լուրջ ազդեցություն են թողել նաև սոցցանցային տիրույթի վրա:
ՌԴ-ում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կիրառումը մասնակի սահմանափակելուց հետո «Meta» («Մետա») ընկերությունը հայտարարեց, որ «Մահ ռուս զավթիչներին» և նմանատիպ այլ կոչերը «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» ցանցերում ժամանակավորապես կթույլատրվեն, միևնույն ժամանակ ընկերությունը նշել էր, որ նշված սոցցանցերը չեն հանդուրժի ռուսաֆոբիան և որևէ խտրականություն ռուս քաղաքացիների նկատմամբ: Ուկրաինայի նախագահն էլ ընկերությանը շնորհակալություն էր հայտնել նման կոչերը հրապարակել թույլատրելու համար:
Հայտարարությունից հետո Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտարարեց՝ «Meta» («Մետա») ընկերությունը որպես ծայրահեղական կազմակերպություն, այսինքն՝ ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին: Դատախազությունը նաև դիմել էր դատարան՝ պահանջելով արգելել «Մետա»-ի հետագա գործունեությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում։
Այս ամենին զուգահեռ՝ երեկվանից ՌԴ-ում արգելափակվեց նաև «Ինստագրամ» սոցիալական ցանցի կիրառումը, որը շատ հուզիչ կերպով ընդունվեց ռուս բլոգերների և արտիստների կողմից: Հայ բլոգերներից ու արտիստներից որոշներն էլ ինստագրամյան «սթորի» բաժնում տեղադրում էին տելեգրամյան ալիքների հղումները, որպեսզի իրենց ռուսաստանաբնակ հետևորդները իրենց կարողանան հետևել այդ տարբերակով:
Արդյոք հնարավո՞ր է, որ ՌԴ-ի կողմից «Meta» («Մետա») ընկերությունը որպես ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու մասին որոշումը բացասական ազդեցություն ունենա նաև մեր երկրում «Meta» («Մետա») ընկերության սոցցանցերի կիրառելիության վրա:
Մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծում է՝ այս ամենի միակ բացասական կողմը կզգացվի ՀՀ-ում գործող մարքեթինգային մի քանի ընկերությունների գործունեության վրա: Հայ բլոգերներն էլ գուցե մասամբ կորցնեն իրենց ռուսաստանաբնակ լսարանին:
«Սոցցանցերի արգելափակումից հետո մեր մարքեթինգային կազմակերպությունների գործելաոճում փոփոխություններ կլինեն, որոնք աշխատում էին ՌԴ-ի հետ գովազդային ոլորտում: Հիմա այդ կազմակերպությունները կանցնեն ռուսական «ВКонтакте» սոցիալական ցանցին կամ էլ «Одноклассники»-ին: Կփորձեն գովազդային կապը այդ հարթակների միջոցով հաստատել: Իսկ «Meta» («Մետա») ընկերությունը որպես ծայրահեղական կազմակերպություն ճանաչելը մեզ վրա ոչ մի բացասական ազդեցություն չի կարող թողնել: Սոցցանցերը մեզ մոտ գործելու են այնպես, ինչպես գործում են»,- կարծում է Մարտիրոսյանը:
Այս ամբողջ գործընթացում տուժելու են միայն ռուս բլոգերներն ու արտիստները, որոնք «Ֆեյսբուք»-ի և «Ինստագրամ»-ի ցանցերում գովազդի միջոցով գումար էին վաստակում: Իսկ նրանք, որոնք դեռ հասանելիություն ունեն ՌԴ տարածքում, նշված սոցցանցերում գովազդ տեղադրելուց կհամարվեն ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսավորողներ:
«ՌԴ-ում «Ֆեյսբուք»-ից և «Ինստագրամ»-ից օգտվողները հիմա էլ կարող են օգտվել, եթե ունեն VPN (Վիրտուալ մասնավոր ցանց) ծրագիրը, որը կապը գաղտնագրում է, որպեսզի չկարողանան մտնել անձի էջ, և եթե ինչ-որ բան արգելափակված է, ՎՓն-ով կարող են բացել: Սակայն բոլորը չգիտեն ՎՓՆ-ի մասին: Օրինակ՝ Չինաստանում արևմտյան հարթակները արդեն մի քանի տարի է՝ արգելափակված են, և այնտեղի մարդիկ հենց ՎՓՆ-ի միջոցով են մուտք գործում նշված սոցցանցերը: Հիմնականում VPN-ն ապահովում է անվտանգության և գաղտնիության լրացուցիչ շերտ բոլոր առցանց գործունեությունների համար»,- տեղեկացնում է մեդիափորձագետը:
Բլոգեր Միշել Ղայթանջյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ սոցցանցերի սահմանափակումները ՌԴ-ում կխոչընդոտեն միայն գովազդային առաջարկներին: «Ճիշտ է, ես ունեմ ռուսական աուդիտորիա, սակայն դա քիչ տոկոս է կազմում: Գովազդային առումով որոշ առաջարկներ ՌԴ-ից այլևս գուցե չլինեն: Ես համեմատաբար ավելի քիչ եմ ստացել այդ երկրից կամ արտասահմանից գովազդային առաջարկներ, հիմնականում ստանում եմ տեղային առաջարկներ, բայց ստանալու դեպքում էլ դրանք չեն կարողանա ընթանալ այնպես, ինչպես անհրաժեշտ է: Այսինքն՝ գովազդ անել չի լինի»,- նշում է նա:
Նրա խոսքով՝ հայ բլոգերներից շատերը այդ սահմանափակումների և արգելքների պատճառով բացել են տելեգրամյան ալիքներ, նաև՝ Ռուսաստանից իրենց հետևողների համար. «Ինստագրամ»-ի արգելափակումն էլ էր պատճառներից մեկը, որ ես էլ բացեցի տելեգրամյան ալիք: Ռուս բլոգերները մեծ թափով սկսեցին գովազդել «Տելեգրամ»-ը, և հասկացա, որ դա էլ է հարթակ կոնտենտի համար: ՌԴ-ի մեր հայ համայնքից կամ ռուս հետևորդները այդպես կարող են հետևել գործունեությանս»,- հավելում է բլոգերը:
Դերասանուհի Իննա Խոջամիրյանն էլ նշում է՝ ՌԴ-ից իրեն հետևող լսարանը, Հայաստանի լսարանի հետ համեմատ, երկրորդ տեղում է: Մտածում է, որ այս սահմանափակումների հետևանքով գուցե այդ լսարանին կորցնի, սակայն դա մեծ ազդեցություն չի թողնի իր հետևորդների շրջանում: «Դեռ մոնիթորինգ չեմ արել, որպեսզի հասկանամ՝ ինչքան է տուժելու իմ լսարանը, բայց այլ հարթակներ չեմ տեղափոխվելու: Ես աշխատում եմ հայկական լսարանի համար: Հույս ունեմ, որ այս ամեն ինչը ժամանակավոր է ու կարճ կտևի: Սոցցանցերը հիմա այդքան էլ կարևոր չեն, հիմա ամենաթանկ բանը խաղաղությունն է»,- ասում է դերասանուհին:
Վիդեոբլոգեր Ռուբեն Եսայանն էլ շեշտում է՝ արգելափակումների հետևանքով կլինի հավանումների ու դիտումների պակաս: «Հայ բլոգերներն ու արտիստները կորցնում են ռուսական աուդիտորիան, բայց կարող են տեղափոխվել տելեգրամ հարթակ: Վերջին մի քանի օրում 50 միլիոն մարդ է գրանցվել «Տելեգրամ»-ում, դա արվում է հենց ռուս լսարանի և ռուս բլոգերների, արտիստների համար: Մեր հետևորդների թվի վրա դա ազդեցություն չի ունենա, որովհետև արգելափակումի հետևանքով, միևնույն է, էջերը պահպանվում են»,- ասում է նա:
«Ֆեյսբուք»-ը և «Ինստագրամ»-ը Ռուսաստանում ամենաշատ օգտագործվող սոցիալական ցանցերից են։ Ըստ Brand Analytics-ի վերլուծաբանների՝ «Ինստագրամ»-ը ակտիվ հետևորդների թվով առաջին տեղում է, իսկ հրապարակումների քանակով երկրորդ տեղում է ռուսական «ВКонтакте»-ից հետո։ 2021 թվականի հոկտեմբերի դրությամբ «Ինստագրամ»-ում ամսական հրապարակվել է ավելի քան 38 միլիարդ հաղորդագրություն, ինչը Ռուսաստանում գործող բոլոր խոշոր սոցիալական ցանցերում հրապարակումների կեսից ավելին է։ «Ֆեյսբուք»-ը նույնպես խոշորագույն սոցիալական ցանցերի տասնյակից մեկն է Ռուսաստանում՝ զբաղեցնելով վեցերորդ հորիզոնականը։ Սակայն, ըստ վերլուծաբաների, ռուսաստանցիների հետաքրքրությունը «Ինստագրամ»-ի նկատմամբ տարեցտարի միայն աճում է, իսկ «Ֆեյսբուք»-ի նկատմամբ՝ նվազում:
![]()