![]()
Հայաստանի ցորենի ցանքատարածությունները 2021թ.-ին կազմել են 58.967 հա, որից աշնանացան ցորեն՝ 57.288, գարնանացան՝ 1679 հա։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:
Ըստ նրա՝ Կառավարությունը սուբսիդավորել է աշնանացան սերմացուի գնի 30%-ը, որի բերքահավաքն ակնկալվում է 2022թ-ի երրորդ եռամսյակում։
«2021թ-ին ներմուծվել է շուրջ 275.000 տ ցորեն, իսկ Հայաստանում ցորենի արտադրությունը կազմել է 97.000 տ։ Ներմուծումն իրականացվում է ՌԴ-ից։
2021թ-ին ՌԴ ցորենի արտադրությունը կազմել է 76 մլն տոննա, որից արտահանվում է շուրջ 25-30 մլն տոննան։ ՌԴ ինքնաբավության մակարդակը կազմում է 130-140%»,- նշել է նա:
Արման Խոջոյանի նաև հայտնում է, որ այսօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել ՌԴ գյուղատնտեսության փոխնախարարի հետ, որը հավաստիացրել է՝ ՌԴ հնարավոր սահմանափակումները միտված են սահմանափակել ռե-էքսպորտը, հետևաբար ցանկացած սահմանափակման դեպքում Հայաստանին անհրաժեշտ պահանջարկը լրացնելու մեխանիզմներ կգտնվեն։
«2021թ-ի աշնանը ՌԴ-ում ամբողջությամբ իրականացվել է ցորենի ցանքը, որն ակնկալում է անփոփոխ բերք 2022թ-ին։ Ինչպես նաև՝ արևածաղկի սերմացուի պահանջարկը նույնպես բավարարված է, և նախատեսվող արտադրական քանակների նվազում ՌԴ-ում չի կանխատեսվում։
Ամբողջ աշխարհում ակնհայտ պահանջարկ է ձևավորվում գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ, հետևաբար պետք է հնարավորինս շատ արտադրել, մշակել հողատարածքները՝ շուկայում մեր դիրքերն ամրապնդելու նպատակով»,- նշել է փոխնախարարը:
![]()