![]()
Ադրբեջանի զինված ուժերը ժամը 16:21-ին հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարությունը:
Արցախի ոստիկանությունից հաղորդում են, որ ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում: Տուժածներ չկան:
Նշենք, որ իրադարձությունների զարգացմանը օպերատիվ կերպով շարունակում է հետևել ԱՀ ներքին գործերի նախարարությունը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10:20-ի սահմաններում, ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, ականանետի 120 մմ-ոց 2 արկ էր արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:
Իսկ երեկ հայտնի էր դարձել, որ նախորդ օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։
Խրամոթի ուղղությամբ օրվա ընթացքում կրակոցներն ուղեկցվել են բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու հանցավոր գործողություններով. բնակչությանը՝ գյուղը լքելու մասին բարձրախոսով հայերեն լեզվով «նախազգուշացումներ» անելով։
Ականանետային հարվածների հետևանքով մեկ քաղաքացիական անձ էր վիրավորվել:
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա գիշերն ու առավոտյան ընդհանուր առմամբ 23 հատ ական է արձակվել:
![]()