![]()
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կասկած է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Մակրոնի խոսքով՝ մոտ ապագայում քաղաքական լուծում չի գտնվի, իսկ բանակցությունները չեն օգնի դուրս գալ ճգնաժամից։
«Քննարկումները նախագահ Պուտինի հետ բարդ են, քանի որ այսօր նա հրաժարվում է դադարեցնել կրակը։ Ռուսաստանն այսօր գտնվում է հետևյալ դիրքում՝ Ուկրաինայից շատ կոշտ պայմաններ պահանջել»,- ասել է նա։
Մակրոնը նաև հավելել է, որ բանակցություններն ընթանում են «ագրեսիայի շատ անարդար պայմաններում, այն պայմաններում, երբ Ֆրանսիան չի միջամտի»։
Նա նշել է, որ Ֆրանսիան, Գերմանիան, Եվրոպան «ամեն ինչ արեցին պատերազմից խուսափելու համար» և ընդգծել է, որ Եվրոպան նախատեսում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, ինչին Մոսկվան կպատասխանի հակապատժամիջոցներով։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
![]()