![]()
Շնող խոշորացված համայնքի Քարկոփ, Թեղուտ և Շնող բնակավայրերն այլևս գազիֆիկացված են։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից: Երկար սպասված կապույտ վառելիքն իրենց բնակարաններում տեսնելը անհասանելի երազանք է եղել տեղի բնակիչների համար․ բնակավայրերը գազիֆիկացված չեն եղել անգամ խորհրդային տարիներին։
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ներկա է եղել կապույտ վառելիքի՝ բնակավայրեր մուտք գործելուն նվիրված հանդիսավոր միջոցառումներին։
Նա շնորհավորել է բնակիչներին և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը, Շնող խորոշացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ-ի տնօրինությանը այս չափազանց կարևոր ծրագիրն իրականություն դարձնելու համար։ Մարզի ղեկավարն իր խոսքում ընդգծել է ծրագրի ոչ միայն սոցիալական, այլև բնապահպանական կարևորությունը:
«Բնակավայրերի գազիֆիկացումը ոչ միայն հնարավորություն կտա բնակիչներին ավելի քաղաքակիրթ ձևով լուծելու իրենց կենցաղային խնդիրները, այլև զերծ կպահի տարածաշրջանը անտառահատումներից»,- ասել է Ա․ Խաչատրյանը։
Շնող խոշորացված համայնքի գազիֆիկացման ծրագիրն իրականացվել է սուբվենցիոն միջոցներով՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 238 մլն մլն դրամ (որից 142.8 միլիոնը` պետական ներդրում, 95.2 միլիոնը` համայնքային):
Արդյունքում Թեղուտ և Քարկոփ վարչական շրջանների բոլոր՝ շուրջ 300 և Շնող վարչական շրջանի 45 տնտեսություններ գազիֆիկացման հնարավորություն ունեն: Ծրագրի շահառու է շուրջ 1400 մարդ:
Մարզի ղեկավարն այցի շրջանակներում եղել է նաև բնակավայրերի դպրոցներում՝ խոստանալով առկա հնարավորությունների սահմաններում աջակցել կրթօջախները գազիֆիկացնելու և լոկալ ջեռուցման համակարգերով ապահովելու հարցում։
![]()