![]()
Վերջին շրջանում շուկայում շեշտակի էժանացել է հավի ձվի գինը: Որոշ ժամանակ առաջ այն սկսել էր օր օրի թանկանալ, հասնում էր միջինում 80-90 դրամի: Սակայն այսօր շուկայում կարելի է ձու գնել 40-45, որոշ տեղերում անգամ՝ 35 դրամով:
Շուկայում արձանագրված հավի ձվի գնային փոփոխություններին եւ հատկապես չհիմնավորված ցածր գնի սահմանման վերաբերյալ տարատեսակ հայտարարություններին է անդրադարձել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:
ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ձվի շուկայում արձանագրված վերջին գնի իջեցմումը կապվում է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի հետ: Հայտնում եմ, որ շուկայում ունեցած նրա մասնաբաժինը չի գերազանցում 5%-ը։ Հետեւաբար ընկերությունը, շուկայում չունենալով գերիշխող դիրք, չէր կարող մրցակցության օրենսդրություն խախտել եւ դեմպինգ իրականացնել»:
ՄՊՀ պարզաբանման մեջ նաեւ ասվում է, որ շուկայում դեմպինգ (չհիմնավորված ցածր գնի սահմանում) կարող է իրականացվել գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեմպինգի հարցը կարող է դիտարկել այն պարագայում, երբ այն իրականացվել է գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից. «Ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրա իրացման ծավալները կազմում են շուկայի 33,3% եւ ավելին»:
Հիշեցնենք՝ օրերս էլ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին հարց էր ուղղել, թե շուկայում ձվի գնի շեշտակի իջեցումը արդյո՞ք ազատ, թափանցիկ մրցակցության դրսեւորում է: Նա նաեւ նկատել էր, որ երբ խոշոր ընկերությունն արհեստականորեն ցածր գներ է սահմանում, փոքր ընկերությունները դրանից խեղճանում են:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն էլ ի պատասխան՝ նշել էր, որ շղթա է գործում․ մի սուպերմարկետում գինն իջնում է, առաքիչների միջոցով մյուս տնտեսվարողները ևս սկսում են գինը իջեցնել։ Գեւորգյանը վստահեցրել էր, որ ձվի շուկայում որևէ թռչնաֆաբրիկա դեմպինգային քաղաքականություն չի վարում:
![]()