![]()
Ես՝ որպես խմբակցության անդամ, ունեմ մեկ ձայնի իրավունք և քվեարկելու եմ Վահագն Խաչատուրյանի օգտին: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀ ԲՏԱ նախարարի թեկնածությանը:
Հարցին ի պատասխան՝ կարո՞ղ է անկախ գործել Խաչատուրյանը, քանի որ քաղաքական թիմի անդամ է, պատգամավորն ասաց՝ Խաչատուրյանը կուսակցական չէ, նա ՀՀ շատ լավ քաղաքացի է, գրագետ է, ճանապարհ է անցել:
Դիտարկմանը՝ ստացվում է ՀՀ-ում բոլոր ինստիտուտները կախված են լինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, պատգամավորն ասաց. «Ես ուզում եմ՝ ՀՀ-ն լինի ամուր, կայուն, հզոր, զարգանա տնտեսությունը, առանց որի Հայաստանը չի կարող զարգանալ: Առանց իր հարևանների հետ լավ հարաբերությունների չի կարող զարգանալ: Եվ այս անվտանգային խնդիրները նույնպես շատ կարևոր են:
Իմ կարծիքով, ինչքան ճանաչում եմ 30 տարվա մեջ, Նիկոլ Փաշինյանը ամենակամային, խելացի քաղաքական այրերից է ՀՀ պատմության մեջ: Ես առաջնորդվում եմ միայն ու միայն պետական շահով, իսկ կուսակցական նեղ, խմբակային շահերն անընդունելի են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովն ընտրում է ՀՀ նախագահ: Միակ թեկնածուն Վահագն Խաչատուրյանն է: Ընդդիմությունը չի մասնակցում քվեարկությանը:
![]()