Որքան կարժենա Երասխ — Հորադիզ երկաթուղու կառուցումը. Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց

Երասխ–Ջուլֆա–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթուղու կառուցման խորացված հաշվարկները դեռ նոր պետք է իրականացվեն։

Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի` Երասխ–Ջուլֆա–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթուղու կառուցման հաշվարկների և ներդրումների ծավալի մասին հարցին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ այս պահին որոշումները կայացվել են ինդիկատիվ թվերի հիման վրա և խորացված հաշվարկներ նոր պետք է իրականացվեն:

«Այսօր, այդ թվում օտարերկրյա փորձագետների հաշվարկով, այդ թևի վերականգման աշխատանքների մոտավոր արժեքը 226-230 մլն դոլար կկազմի, և տևողությունը կլինի մինչև 36 ամիս, մենք դա էլ ենք հաշվել ինդիկացիայի մեջ»:

Խոսելով բեռնափոխադրումների մասին, փոխվարչապետն ասաց, որ 3 մլն միջին չափ կա, դա` առանց շրջափակման։ 2 մլն–ը Գրիգորյանի պնդմամբ` ներքին բեռնափոխադրումներն են։

«Եթե հաշվենք, որ ապաշրջափակման պարագայում առնվազն կկրկնապատկվեն բեռնափոխադրումների հոսքերը, նույնիսկ ներքին պոտենցիալի հաշվին մենք գալիս ենք նվազագույնը 5 տոկոս եկամտաբերության, որը վատ եկամտաբերություն չէ, առանց հարակից, առանց մուլտիպլիկատիվ էֆեկտները հաշվելու: Սա թույլ է տալիս մտնել հաջորդ փուլ և իրականացնել ավելի խորացված հաշվարկներ և իրականացնել նախագիծ»,- ասաց փոխվարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ