Սա ոչ թե ռուս-ուկրաինական, այլ Ռուսաստան-արևմուտք հակամարտություն է

Ռուս-ուկրաինական բանակցություններից մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ: Այնպես է հիմա իրավիճակը, որ չի էլ երևում, թե կողմերը ինչի շուրջ պետք է բանակցեն: «Հայկական ժամանակի» հետ զրույցում տեսակետ հայտնեց պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ անդրադառնալով երեկ մեկնարկած ռուս-ուկրաինական բանակցություններին:

Նրա խոսքով՝ երկու կողմն էլ այս պահին որևէ բան զիջելու տրամադրվածություն չունի. Բանակցությունների արդյունավետությունը կասկածելի է, ուկրաինական զինուժն էլ կազմալուծված չէ և բավականին հաջող դիմադրում է»:

Անդրադառնալով հարցին՝ արևմուտքը բավականին ակտիվ է՝ զենք է տրամադրում Ուկրաինային, ցուցաբերում ֆինանսական օգնություն, սանկցիաներ կիրառում Ռուսաստանի դեմ, սա կարո՞ղ է երրորդ համաշխարհային պատերազմի համար նախադրյալներ ստեղծել, հրապարակախոսն ասաց. «Արևմուտքը չի խառնվի այսքանից ավելի, իր բանակները չի ուղարկի Ուկրաինա, քանի որ դա արդեն կդիտարկվի որպես կարմիր գծերի հատում: Չնայած Պուտինը հայտարարեց, որ ոչ մի բանի առջև կանգ չի առնելու, ընդհուպ՝ մինչև միջուկային զենքի կիրառման»:

Տեր-Աբրահամյանի դիտարկմամբ՝ այժմ գրեթե բոլոր երկրները տնտեսական պատերազմի մեջ են ներքաշվել: «Աշխարհում աննախադեպ չափի է հասել հակառուսական ալիքը: Մեծ քանակությամբ զենք է մատակարարվում Ուկրաինա, ընդ որում՝ դրանք բավականին լուրջ զենքեր են: Բացի այդ, օրինակ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանը թույլատրեց իր կամավորներին մեկնել Ուկրաինա: Այսինքն՝ կարող է կամավորների միջոցով երկրները մասնակցեն պատերազմին: Պետք է ամեն դեպքում հաշվի առնել, որ սա ռուս-ուկրաինական պատերազմ չէ, այլ Ռուսաստան-արևմուտք»,- կարծում է նա:

Անդրադառնալով Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաներին՝ զրուցակիցը նկատեց՝ Ռուսաստանը նահանջելու տեղ չունի:

«Այս պատերազմում Ռուսաստանի համար քաղաքական խնդիրը եղել է ոչ թե ուկրաինական քաղաքների քանդումն ու գրավումը, այլ ցույց տալը, որ Ուկրաինա չկա, այն Ռուսաստան է: Միայն վերնախավն է, որը կարծում է, թե գոյություն ունի Ուկրաինա: Օրինակ՝ Խարկովը ռուսալեզու քաղաք է, որը պետք է ռուսներին ուղղակի դիմավորեր: Իրենք էլ պետք է բեմադրեին, թե տեսեք՝ ուկրաինացիները մեզ հետ են: Սակայն հիմա ստացվում է այնպես, որ Ուկրաինան կռվում է Ռուսաստանի դեմ, իսկ դա արդեն ռուսական քաղաքական պլանի տապալումն է՝ անկախ ռազմական արդյունքից»,- նշեց Տեր-Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն արդեն այնպիսի իրավիճակում է, որ չի կարող դուրս գալ Ուկրաինայից և ասել՝ կներեք, բայց չհաջողվեց. «Եթե սկսել են, ուզեն, թե չուզեն պետք է գնան մինչև վերջ: Այլ բան է, թե մինչև վերջը ի՞նչ է նշանակում: Բերեմ կրկին Խարկովի օրինակը: Խարկովը, որը ռուսալեզու քաղաք է, սակայն արդեն երրորդ օրն է, որ Ռուսաստանը չի կարողանում այն առանց դիմադրության վերցնել: Ռուսաստանը հիմա ստիպված է քաղաքները ռմբակոծելով, հրետակոծելով, քանդելով, խաղաղ բնակչության մեջ զոհեր տալով՝ շարժվել առաջ, քանի որ նահանջելն արդեն դժվար է, հետ գնալ էլ չի կարող, վերջում, կարծում եմ, փակուղի է լինելու: Կապրենք՝ կտեսնենք»:

Անդրադառնալով Միութենական պետություն ստեղծելու մասին խոսակցություններին՝ Հրանտ Տեր-Աբրահամյանն ասաց. «Այո, գերնպատակն այս ամենի դա է: Ուկրաինան այս պլանի կարևոր կետերից մեկն է, քանի որ հետսովետական տարածքում Ուկրաինան բնակչությամբ երկրորդն խոշոր միավորն է, ինչպես նաև տարածքով ու իր նշանակությամբ ամենամոտն է Ռուսաստանին: Սակայն, եթե ուկրաինական պլանը չի հաջողվում, հարցականի տակ է հայտնվում ամբողջ պլանը: Եթե նույնիսկ Ուկրաինայում կարողանա Ռուսաստանը հռչակել ինչ-որ կառավարություն, բայց կլինեն պատերազմի ավերվածությունները, դրա հետևանքները, երկրների ժողովուրդների իրար նկատմամբ թշնամանքը, որը տարածվում է արդեն ռուսալեզու ժողովուրդների միջև, միևնույն է, հարցականի տակ է հայտնվում միության պրոյեկտը»:

Ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշման մասին խոսելիս էլ պատմաբանն ասաց՝ պարզ պատճառներ կան, թե ինչու ՀՀ-ից բուռն արձագանքներ չկան այս մասով:

«Պետք է որոշակի զգուշություն ու չեզոքություն ցուցաբերել: Շատ մեծ հակառուսական ալիք է հիմա աշխատում, անկախ նրանից՝ դա լա՞վ է, թե՞ վատ, երկրներն էլ խոշորացույցով նայում են արձագանքներին: Այն պետություններն էլ, որոնք հստակ արձագանք չունեն, «իզգոյ» են դառնում: Օրինակ՝ Ադրբեջանը կարողանում է այսպիսի իրավիճակներում ավելի ճկուն լինել: Մի ձեռքով մինչ պատերազմը Ալիևը ստորագրեց համաձայնագիր, մյուս կողմից էլ երկրում հանրահավաքներ են՝ ի աջակցություն Ուկրաինայի: Այսինքն՝ Ադրբեջանը խաղում է երկու ձեռքով: Իրենք իրավիճակն օրերի ու ժամերի տարբերությամբ հաշվարկում են ու, ըստ դրա, քայլեր ձեռնարկում: Այստեղ մենք իրենից բան ունենք սովորելու»:

Դիտարկմանը, որ այս օրերին շատ է խոսվում այն մասին, թե Ադրբեջանը կօգտագործի պահը և կհարձակվի Սյունիքի սահմանների վրա, Տեր-Աբրահամյանը նկատեց. «Ճիշտ հակառակը՝ այս պահին քանի Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, այստեղ հանգիստ է լինելու. Ադրբեջանն առանց Ռուսաստանի թույլտվության Հայաստանի սահմանին ոչինչ չի անի»,-եզրափակեց հրապարակախոսը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ