![]()
Այսօր 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների տարելիցն է։ Վերհիշելով 14 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի եւ դրանց հաջորդած զարգացումների ընթացքը՝ 2018-ին վերաբացված «Մարտի 1-ի» գործից մինչեւ ՀՀ նախկին նախագահ Ռ․ Քոչարյանին՝ 300․1 հոդվածով առաջադրված մեղադրանքի վերացում, Civic.am-ը զրուցել է փաստաբան, «Մարտի 1-ի» գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հետ։
«Այսօր ողբերգական այդ իրադարձությունների մասին իմ վերհիշումը սկսվել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին Ոստիկանության Զեյթունի բաժնում առաջին օգնությունը ցույց տալուց։ Հետո ընթացքում իմացա, որ ոստիկանության տարբեր բաժանմունքներում բավական մարդիկ կան, որոնք հատակին թավալվում են, այսինքն՝ ծեծված, ջարդված, տարել, մեքենաներով լցրել էին ոստիկանության համապատասխան բաժիններ։
Այնուհետ երեկոյան, անցնելով զինված խմբավորումների միջով, մտել եմ Ոստիկանության կենտրոնի բաժին եւ նույն իրավիճակը տեսել եմ այդտեղ։ Այնուհետ սկսել եմ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը եւ այդ օրից մինչ հիմա իրականացնում եմ այդ պաշտպանությունը, որը, ցավոք, անպտուղ եղավ։ Բայց ես հույս ունեմ, որ Եվրոպական դատարանում կհասնեմ արդյունքի եւ այդ արդյունքի ուժով ՀՀ-ն հարկադրված կլինի «Մարտի 1»-ի գործի վերաբացման վարույթ իրականացնել։
Գտնում եմ, որ չի կարող կատարվել մեծամասշտաբ հանցագործություն իր բազմադրվագ հանգամանքներով ու չի կարող դրա կողքին լինել քրեական հետապնդում չիրականացնելու որոշում։ Ուղղակի չի կարող, աշխարհը չի կարող սա ընկալել։
Հանրային շահն այս գործով կարեւորում է արդար դատաքննության սկզբունքի ապահովումը, իսկ ՀՀ դատական համակարգը չկարողացավ քննություն տալ եւ նամուսով դուրս գալ այդ քննությունից։ Մենք, կարծում եմ, տարիներ անց առիթ կունենանք նաեւ այս ամոթաբեր դատական համակարգին գնահատական տալ, որը գրեթե չի փոխվել, նախկին համակարգի հիմնական կորիզը մնացել է։ Եւ մենք գիտենք, թե այս գործով դատական ձախողումը ինչ ներքին դավադրությունների միջոցով կազմակերպված օպերացիա էր։
Ես կարծում եմ, որ երբ Եվրոպական դատարանն ականատես լինի բոլոր այն փաստարկներին, մասնավորապես՝ իրավունքի այնպիսի լուրջ խախտումներին, որոնք առնչվում են իրավական պաշտպանության անարդյունավետ լինելուն, որոնք, ըստ էության, արհամարհվել եւ լուրջ չեն գնահատվել ներպետական դատական ատյանների կողմից, կհարգի տուժողների իրավունքները։ Այսինքն՝ Ա․ Դանիբեկյանի, Վերաքննիչ դատարանում Ն․ Հովակիմյանի վճիռները կբեկանվեն եւ մենք իսկապես կկարողանանք իրականացնել արդարադատություն»։
Փաստաբանը նշեց, որ հաջորդաբար ՄԻԵԴ են ուղարկվում «Մարտի 1»-ի հետ կապված գործեր։ «Երկու գործ արդեն գնացել է, պատրաստվում ենք երրորդն ուղարկել։ Չեմ ուզում անվանական ասել, բայց տուժողներից մի քանի հոգի արդեն պատրաստել են գործ, որ՝ ՀՀ-ում այլեւս սպառվել է իրենց իրավական պաշտպանության միջոցը, այլեւս պիտանի միջոց չկա։ Հիմնականում վերլուծել ենք երկու ժամանակահատվածները՝ 2008-ից մինչեւ 2018 եւ 2018-ից մինչեւ 2021 թվական, զուգահեռներ ենք անցկացրել, իրավապահ համակարգի պահվածքն ենք վերլուծել, այդ ամենին դատարանների առնչության ձախողմանն անդրադարձել, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նմանատիպ մոտեցումներին ենք գնահատական տվել»,-նշեց Սաֆարյանը։
Նա նաեւ հավելեց, որ ամեն ինչ արել են, որպեսզի Եվրոպական դատարանը պատկերացնի, թե ՀՀ-ում երկու տարի շարունակ ինչպիսի «փոխկապակցված համագործակցություն է ընթացել դատարանների միջեւ՝ առաջին ատյան, վճռաբեկ, Սահամանդրական դատարան, եւ այսպես եռակողմ լուծել են իրենց առջեւ դրված խնդիրը՝ անել ամեն ինչ, որպեսզի ամբաստանվողները քրեական պատասխանատվության չենթարկվեն, գործով ապացույցները չհրապարակվեն»։ Փաստաբանը նշեց նաեւ, որ ապացույցների այն բազան, որը դրված է գործի հիմքում, աղաղակում են այն մասին, որ մարտի 1-ին Սահմանադրության 1-5-րդ հոդվածների դեմ կատարված արարքներ են տեղի ունեցել, արարքներ, որոնք, բնականաբար, քրեականացված են եղել ե՛ւ 2008-ի դրությամբ, ե՛ւ դրանից հետո։ «Փաստացի՝ հայաստանյան դատական համակարգը ՔՕ համապատասխան նորմը դիտարկել է սահմանադրական կարգը պահպանելու համար ոչ պիտանի, եւ, ՀՀ նախագահի համար էլ այդ նորմը, փաստրեն, եղել է ոչ որոշակի եւ ինքը, երբ 2008-ին տանկ եւ բետեեռներ էր բերել մայրաքաղաքի կենտրոն եւ ուղղել սեփական ժողովրդի դեմ, ինքը չգիտեր, որ դա անել չէր կարելի։ Դուք պատկերացրեք ողբերգության այս մակարդակը, որը բաժին է հասել հայ ժողովրդին»,- նշեց մեր զրուցակիցը։ Փաստաբանի խոսքով՝ եթե սովորական քաղաքացու համար կարդաս Քոչարյանի եւ նրա դատական սպասարկուների համար «անորոշ» համարվող նորմերը եւ ասես, որ այս, այս գործողությունները արգելված են, ինքը կհասկանա, մինչդեռ ոմանք հասկանալու հետ խնդիրներ ունեն։ «Սահմանադրական դատարանը այնպիսի ձեւակերպումներով է գնահատական տվել իրավական նորմի որոշակիությանը, որ, որպես փաստաբան, ես անհարմար եմ զգում անվերջ դրան անդրադառնալ։
Իրավական երկիրը չի կարող իջնել պարզունակության այդ մակարդակ եւ այսպիսի մեկնաբանություններ անել՝ դրանով ոչնչացնելով հանցանքի եւ պատժի ինստիտուտը, այդ ինստիտուտի կիրառման սուբկեյտ դիտարկելով սոսկ շարքային քաղաքացիներին։ Այսինքն, օրենքի գերակայության սկզբունքը ակնհայտորեն ՀՀ-ում չի գործում։ Եւ այսօր էլ տեսնում եք, որ Քրեական օրենսգրքի որ նորմին ձեռք ես տալիս, որոնք վերաբերվում են Քոչարյանին եւ մյուսներին, պարզվում է, որ այդ նորմերը իրավական որոշակիությունից զուրկ են, առադրված մեղադրանքների էությունն անհասկանալի է եւ ունի սահմանադրության հետ հակադրվելու խնդիր։ Ինչ է ստացվում՝ այդ նորմերը կիրառվել են ժողովրդի վրա տարիներ շարունակ, եւ նրանց դեպքում մեղադրանքի էությունը հասկանալի է եղել։ Մինչդեռ բարձր պաշտոն ստանձնած անձանց դեպքում՝ հասկանալի չէ։ Այսպիսի մոտեցմամբ, փաստրեն, ծաղրի է ենթարկվում ե՛ւ իրավունքը, ե՛ւ քաղաքացին»,-եզրափակեց փաստաբանը։
![]()