![]()
Երեկ՝ փետրվարի 25-ին, Civic.am-ը հայտնել էր, որ «Ֆեյսբուք»-ում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի էջի նախկին կառավարողները ՄԻՊ գրասենյակին դեռևս չեն փոխանցել էջի կառավարման թույլատվությունները, ուստի, Պաշտպանի աշխատակազմը չի կարողանում թարմացումներ տեղադրել այդ էջում։
Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը (ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան — Human Rights Defender of Armenia) ստեղծվել է Պաշտպանի հաստատության հանրային ռեսուրսի կիրառմամբ։ Ասել է թե, պետական միջոցներով։ ՄԻՊ պաշտոնական էջը մոտ 55 հազար հետևորդ ունի։
Այսօր ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը թարմացվեց, սակայն ոչ գործող ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից, այլ պարզվեց, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Պաշտպանի հաստատության հանրային ռեսուրսի կիրառմամբ ստեղծված (սա նշանակում է, որ Պաշտպանի աշխատակազմի անդամները, որոնք վարձատրվում են հանրային միջոցներից, աշխատել են էջի վարման և առաջխաղացման համար) ֆեյսբուքյան էջը փորձում է «իրենով անել»` այն դարձնելով իր անձնական էջը (Official personal page):
Նախկին ՄԻՊ-ի կողմից պետական ռեսուրսի յուրացման նման փորձը առնվազն անպարկեշտ է, բացի դա, կարող է իրավական հետևանքներ ունենալ։ Անթույլատրելի է, որ հարկատուների միջոցներով վարձատրվող աշխատակիցների աշխատանքը դառնա ինչ-որ նախկին պաշտոնյայի սեփականությունը։
![]()
![]()