![]()
Վերջին օրերին մեր երկրում եղանակային կտրուկ փոփոխություններ են նկատվում: Արևը կարծես ազդարարում է գարնան գալուստը: Սակայն շատերը մտավախություն ունեն, որ առաջիկայում հնարավոր է՝ գյուղատնտեսության շրջանում ցրտահարություններ լինեն, քանի որ ՀՀ որոշ մարզերում կա ծառերի ծաղկում:
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ մեր երկիրն այժմ գտնվում է Արաբիայի կողմից եկող արևադարձային տաք հոսանքների ներքո: Վերջին 5 տարիներին այս օրերին նման ջերմաստիճան է եղել:
«Առանց տեղումների եղանակը և բարձր ջերմային ֆոնը կտևեն մինչև վաղը, փետրվարի 25-ից մինչև 26-ը ներառյալ տաք ջերմաստիճանը կպահպանվի, սակայն փետրվարի 25-ի կեսօրից հետո և 26-ին տեղումներ են սպասվում հանրապետության զգալի մասերում: Ձյան տեսքով տեղումներ կլինեն բարձր լեռնային գոտիներում: Նախալեռնային ու հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով»,- պարզաբանեց Սուրենյանը:
Նրա խոսքով՝ առաջիկա 5 օրերին օդի ջերմային անկում չի կանխատեսվում, պարզապես փետրվարի 25-26-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, փետրվարի 23-24-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով:
Դիտարկմանը, որ ՀՀ որոշ տարածքներում կան ծառեր, որոնք ծաղկել են, արդյոք ցրտահարության վտանգ կա՞, Սուրենյանը նշեց. «Ծառերի ծաղկում կա Սյունքիի ու Տավուշի հովտային գոտիներում: Դրանք առանձին պտղատու ծառեր են, հիմնականում՝ նշենիներ և հոնենիներ, որոնք գրեթե բոլոր տարիներին տարվա այս ժամանակահատվածում ծաղկում են: Դա նորմալ է: Առաջիկա 5 օրերին ցրտահարության վտանգ չկա, չենք կարող հիմա ասել՝ հետագայում կլինի՞, թե՞ ոչ»:
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալի խոսքով՝ տաք օդային հոսանքները մթնոլորտի ընդհանուր շրջանառության արդյունք են: Երկրագնդի մթնոլորտի ընդհանուր շրջանառություն կա: Այսինքն՝ տվյալ տարածաշրջանը մեկ կարող է գտնվել արևադարձային տաք հոսանքների ազդեցության ներքո, որոնք բերում են տաք ջերմաստիճան, մեկ էլ՝ արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներքո:
Այժմ Հայաստանի ամենատաք ջերմաստիճանը գրանցվում է Սյունիքի հովտային գոտիներում՝ Կապանում և Մեղրիում, որտեղ +20 է, Տավուշում՝ +18, Արարատյան դաշտում՝ +17, Սյունիքի հովտային գոտում՝ +20:
![]()